Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ Արմեն Սարգսյանը օդանավակայանում հանդիպել է Ստրասբուրգ մեկնող պատգամավորների խմբին, սակայն իր առաջադրվելու վերաբերյալ ոչինչ չի խոսել։

Ազգային ժողովի խմբակցությունների հետ նրա հանդիպումը նախատեսվում է փետրվարի սկզբին։


Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել վերջնական որոշում ընդունելու համար։ Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ 4–րդ նախագահը ընտրվի խորհրդարանական լայն համաձայնությամբ եւ այդ կապակցությամբ առաջարկել նրան «մտորումների ժամանակ» հանդիպել խորհրդարանական ուժերին։ ինչպես տեսնում ենք մտորումների փուլը թեկնածուն անցկացնելու է Անգլիայում։

Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել նաեւ, որ ԱԺ–ում ընտրությունը տեղի ունենա մեկ փուլով։

Նախագահի ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2–ին։ Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/4-ը (79 ձայն): ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն միասին ունեն 65 ձայն։ Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է եւս 14 ձայն։ Թեեւ «Ծառուկյան» խմբակցությունից հայտնում են, որ դեռ հարցը չեն քննարկել, սակայն ենթադրվում է, որ «Ծառուկյան» խմբակցությունն էլ կաջակցի իշխանության թեկնածուին: