Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը» այն երիտասարդներից էր, որ 19 տարեկանում իր 3 եղբայրների հետ մեկնեց պատերազմի դաշտ եւ ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին. նա եւ պատերազմի մյուս մասնակիցներն այսօրվա բանակի հիմադիրներն են համարվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր, ազատամարտիկ, բուժքույր Աղավնի Սահակյանը:

«Արայիկենք էն ընտանիքն են եղել, որ 4 եղբայրներով միանգամից ռազմի դաշտ են մեկնել: Նույնիսկ իրենց մայրն ասել է՝ այ երեխեք, գոնե մեկ մեկ գնացեք, չորսով էլ թողնում, գնում եք: Իրենք էլ ասում էին, թե ամեն մեկս մեր գործն ունենք պատերազմի դաշտում: Արայիկի գոյությունն ու մասնակցությունը շատ մեծ ներդրում է մեր տարած հաղթանակում, որովհետեւ էդ հաղթանակը հենց այնպես չտրվեց, դա յուրաքանչյուր մասնակցի, կռվածների ներդրումն է»,-ասաց Արայիկ Խանդոյանի մարտական ընկերը:

Կին ազատամարտիկի կարծիքով հայկական բանակի առանձնահատկությունը նրանում է, որ հենց կռվի ժամանակ է ստեղծվել բանակը, պատերազմին զուգահեռ. «Դա ոչ միայն դժվար էր, այլ նաեւ օգտակար ու կարեւոր էր, որովհետեւ էդ ժամանակ բոլորը ներդրում էին անում, բանակ ստեղծելու համար: Կոնկրետ հենց Արայիկենք իրենց ոսկիները այն ժամանակ տարել, ծախել են, զենք են գնել: Գուցե իրենց ընտանիքին նեղել են, բայց զենք են գնել ու հայրենիք են պաշտպանել: Ու ոչ մեկ այսօր իրավունք չունի արյամբ ազատագրված հողը հանձնել, ու Արայիկի նման տղաները այս դեպքում նորից ոտքի կկանգնեն»:

Տիկին Աղավնին հիշեց, որ Արայիկին հանդիպել է 1992 թվականի ապրիլի 3-ին, երբ առաջին անգամ մարտի դաշտ էր մեկնել: Արայիկն այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր, սակայն իր խիզախության եւ ճարպկության շնորհիվ «Միայնակ գայլ» մականունն էր ստացել:

«Արայիկին ճանաչում եմ առաջին իսկ օրից, երբ մեկնեցի Արցախ, դիրքերում ենք ծանոթացել: Այն ժամանակ ինքը դեռ 19 տարեկան էր, բայց արդեն երեւում էր նրա էությունը, համարձակությունը, խիզախությունը: Ինքն արդեն ուներ «Միայնակ գայլ» մականունը, հետո պատմեցին, որ ինքը սիրում էր ամեն տեղ լիներ, եթե իմանար, որ մի տեղ գործողություն կա ու ինքը չի մասնակցում, սիրտը կկանգներ ու սիրում էր միայնակ գնալ: Մի անգամ իրենց ջոկատը չէր մասնակցելու այդ գործողությանը, ինքը գնացել մենակ մասնակցել, հետ էր եկել: Շատ է սիրում իր երկիրը, հայրենիքը, ու դա իր գործողություններից, իր խոսքերից էր հորդում»,- պատմեց տիկին Աղավնին:

Ազատամարտիկ- բուժքույրի խոսքով` առաջին անգամ Արայիկն է իրեն զենքին ծանոթացրել, սակայն ինքը զենք չէր կրում, միայն մի նռնակ էր պահում ուսապարկում:

«Իր հետ միշտ ինձ վստահ եւ համարձակ էի զգում, որովհետեւ իր մեջ չկար վախ ասվածն ընդհանրապես: Ես ինձ զենք չէի վերցնում, միայն մի նռնակ էի ուսապարկումս պահում եւ ինձ համար, եւ թուրքերի, հարկն եղած դեպքում որպեսզի օգտագործեի»,- պատմեց Աղավնի Սահակյանը:

Տիկին Աղավնին Արայիկ Խանդոյանի հետ կապված մի դեպք հիշեց, երբ հազիվ են փրկվել թշնամու ձեռքն ընկնելուց:

«Մի անգամ ես ու Արայիկը խմբից հետ էինք մնացել, քանի որ Արայիկը հեռադիտակով ինչ-որ բան էր նայում: Գիտեինք, որ գյուղ պետք է գնանք, համ աջ կողմում կար գյուղ, համ ձախ, երկու կողմում էլ ոտնահետքեր կային: Վերջը իջանք մի գյուղի ուղղությամբ, ահագին գնալուց հետո զգացի, որ չէ, էստեղ չի եկել ջոկատը, ասեցի` Արայիկ, արի հետ դառնանք, ասեց՝ չէ, ոչ մի հետ դառնալ, ճամփի կեսից հետ դառնալ չկա: Դե նման պահին չես կարող քոնը պնդես, համաձայնեցի, կապ էլ չկար մոտներս, ասեց՝ արի մի տուն մտնենք, լույս վառենք, որ վերեւից մերոնք տեսնեն, իմանան էստեղ ենք: Մի 2 տան լույս վառեցինք, հետո անցանք երրորդին ու չգիտեինք, որ այդ գյուղի տներից մեկում 13 ադրբեջանցի կա: Իրենք մեզ տեսել են, բայց երեւի մտածում էին` մեզ ողջ վերցնել, ու երբ գնում էինք հաջորդ տունը իրենք էդ տան պատի տակ շարվել են, բայց մեր տղաները վերեւից տեսել էին, ու վերեւից մեր հրամանատարը` Յուրան (Յուրա Հովհաննիսյան-խմբ) բղավում է` շուտ հետ դարձեք, ոչ մի քայլ առաջ, հետ դարձեք կողքի բլուրով բարձրացեք վերեւ: Հիմա ես ուրախացել եմ, որ մեզ տեսել են, էս Արայիկն էլ բղավում է, ինչ ես ձենդ գցել, հերիք չի մեզ թողել, գնացել եք, մի հատ էլ բղավում ես»,-պատմեց նա:

Տիկին Աղավնին պատմեց, որ հետո է հասկացել, թե ինչ վիճակի մեջ է գցել իր հրամանատարին եւ խմբի անդամներին:

«Հիմա հասել ենք տղաներին, անգամ չգիտեինք, թե ինչ է եղել: Հետախույզներից Հայկազն ասաց՝ դե առաջ գնա էն մարդու վիճակը տես: Առաջացանք, տեսնեմ մեր հրամանատարը` Յուրան, ծառին հենված, ավելի շուտ փլված կանգնած էր: Ասեց՝ լսեք, դուք խիղճ ունե՞ք: Ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասեց` այ աղջիկ, ուր էիք գնացել, դու էլ ընկել էիր սրա խելքին: Ասեց՝ դու հասկանում ես, ես մարդասպան էի դառնալու, ես քեզ սպանելու էի: Փաստորեն հրամանատարս վերեւից նշան էր բռնել ինձ վրա, որ եթե մենք իրեն չհասկանայինք, եւ ադրբեջանցիները մեզ բռնեին, ինքը կրակելու էր ինձ, որպեսզի չընկնեմ թշնամու ձեռքը: Հետո հասկացա, թե ինչ իրավիճակում էինք հայտնվել, ինչ վիճակի մեջ եմ գցել հրամանատարիս: Ադրբեջանցիներն էլ Յուրայի ձայնը լսելուց վախեցել էին, թողել փախել էին»,- պատմեց նա:

Տիկին Աղավնին հիշեց, որ հետո այդ գյուղը, որտեղ դեպքը տեղի էր ունեցել, մարտական ընկերներն անվանել են Գելաղավնի: