«Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավի կործանման հետեւանքով մահացած Վարսիկ Սեւոյանը հաշվառված էր Գեղարքունիքի Զոլաքար գյուղում, սակայն երկար տարիներ ամուսնու հետ բնակվել է ՌԴ Օրսկ քաղաքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը:

«Վարսիկը ամուսնացել է մեր գյուղի բնակիչ Հունան Մարտոյանի հետ եւ հաշվառվել է մեր գյուղում: 1997 թվականից ապրում են ՌԴ Օրսկ քաղաքում, ունեն 2 երեխա` տղա եւ աղջիկ: Աղջիկն ամուսնացած է»,-ասաց համայնքապետը:

Նշենք, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել. մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանն է, մյուսը՝ Վարսիկ Սեւոյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե հետո, տեղորոշման կայանքներից օդանավն անհետացել է, օդանավում, նախնական տեղեկություններով, եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: