Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով»,- գրել է Տիգրան բալայանը Twitter-ի իր էջում:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 9-ին «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են» իրենց պատմական տարածքներ, այդ թվում Երեւան: Այս առնչությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»: