Վրացական փողոցի 10-ր շենքում պայթյունը որոտացել է առաջին հարկի բնակարանում 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ականատեսների խոսքով, նախնական տեղեկություններով պատճառը գազի արտահոսքն է եղել, պայթյունից վնասվել է ամբողջ շենքը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: Ավելի վաղ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել գազի վարչության աշխատակիցները:

Դեպքից անմիջապես հետո այնտեղ է ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Այս պահին դեպքի վայրում է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Բնակարանի տանտերերի հարազատների խոսքով, պյթյունի պահին բնակարանում մարդ չի եղել, նրանք եկել էին հավաքելու բնակարանում մնացած իրերի մնացորդները: Նախնական տեղեկություններով նշված բնակարանը, որտեղ որոտացել է պայթյունը, վերանորոգվում էր, տանտերն այն հանձնել էր արհեստավորներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը եւ պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի պատուհանները:

Զոհեր եւ տուժածներ չկան:

Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու: