Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։ Այս մասին մարտի 6-ին՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա–Երեւան–Աստանա–Բիշքեք–Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ–ն Երեւանի առաջ ունի որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ–ն նրանց վտանգի մեջ չի թողի»,–նշել է Սիդորորվը։

Գեներալ-գնդապետը հավելել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»՝ հիշեցնելով, որ ինչ–որ ժամանակ այդ երկրների ժողովուրդները մեծ խորհրդային ընտանիքի մաս են եղել՝ ապրելով խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։

Սիդորովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՀԱՊԿ–ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, որի մասնակից է կազմակերպության անդամ պետությունը՝ առանց համապատասխան խնդրանքի, այն պարագայում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ երկրներին աջակցություն է ցուցաբերվում`առանց սպասելու օգնություն խնդրանքի: Դա, նրա կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ եւ խախտում է ՆԱՏՕ անդամ երկրների ինքնիշխանությունը: