Երեւանի Չարենցի փողոցում մարտի 26-ին հնչած կրակոցի դեպքի հետ կապված կա կալանավորված անձ. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում:

Նշենք, որ մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղեւորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։

Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ մեքենայի ուղեւորին հարվածած երիտասարդները, այդ թվում՝ «Գոլֆի» ուղղությամբ կրակածը, դեպքի վայրից հեռացել են արտասահմանյան հաշվառման համարանիշերով «Տոյոտայով»։

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ դեպքի հաջորդ օրը՝ մարտի 27-ին, քրեական հետախույզները հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Նույն օրը նրանցից Մեկսետ Ս.-ն որպես կասկածյալ ձերբակալվել է։ Իրավապահների տեղեկություններով՝ մեքենայի ուղղությամբ նա էր կրակել։ Ավանում հաշվառված 25-ամյա Մեկսետ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 29-ին դատարանի որոշմամբ մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Այս ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ակտիվ աշխատանք էին իրականացնում նաեւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում մարտի 29-ին՝ դեպքից 3 օր անց, նրանք հայտնաբերեցին «Մակարով» ատրճանակ, որը հենց այն հյուրանոցային համալիրի հետնամասում էր, որտեղ հայտնաբերվել էին երիտասարդները։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ Չարենցի փողոցում հայտնաբերված պարկուճը կրակվել էր այս ատրճանակով։

Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։