Երուսաղեմում ապրիլիի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգեւորականների միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ապրիլի 7-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը` հյուր հոգեւորականների, բազմաթիվ ուխտավորների եւ սաղիմահայերի հետ միասին Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորայի արարողությունը:

Սուրբ Հարութեան տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ավագ Թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության Տաճար Մուտք գործեց երկու հանդիսավոր թափորներով:

Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Հարությունը խորհրդանշող լույսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալյանը, ով Ս. Գերեզման մտավ Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը ավարտվեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակվեց շուկայից մինչեւ Սրց. Հակոբյանց տաճար:

Երուսաղեմում, Լուսավորայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որեւէ խախտման:

Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մէկը, ով մեկ ժամ հետո ազատ արձակվեց:

Դեպքի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքը իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի Արտաքին գործոց նախարարության ներկայացուցիչներին»: