Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ընդունել կառավարության հրաժարականը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։

Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները, այդ թվում Կարեն Կարապետյանը, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը շարունակում են իրենց պարտականությունների կատարումը որպես պաշտոնակատարներ:

ԱԺ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօրվանից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման, որտեղ երկրի վարչապետը լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան: