Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլեւս կասկած չի հարուցում։ Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Այս մասին բարձրաձայնել է նույնիսկ գործող քաղաքական ղեկավարությունը։ Սա է միակ ճիշտ քաղաքական օրակարգը։

Առանցքային խնդիրն այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք իշխանության լեգիտիմության, այսինքն հանրության իրական տեսակետն արտահայտող քվեարկության ապահովումն է։ Դա սակայն անհնար է առանց գործող ընտրական համակարգի փոփոխության, մասնավորապես Ընտրական օրենսգրքով սահմանված (ըստ իս՝ հակասահմանադրական) ընտրակարգի վերանայման։

Այս առանցքային հարցի շուրջ ընդդիմության եւ գործող քաղաքական ղեկավարության համաձայնությունը հարցի հանգուցալուծում կարող է դառնալ։ Մնացյալ բոլոր խնդիրները երկրորդական են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: