«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք։ Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարբեր հարցեր։ Դա մենք կքննարկենք գործադիրի նիստում, երբ գումարենք այն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ է ՀՀԿ-ում։

Նա նշեց, որ այդ հարցն ինքը չի քննարկել նաև Սերժ Սարգսյանի հետ և չգիտի նրա տրամադրվածությունը. «Նիստի ժամանակ մենք կլսենք իր կարծիքը, սակայն նա կառչած չէ որևէ բանից։ Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխան տալ, բայց իրավիճակից ելնելով կարող է կայացնի իր որոշումը և մենք իր որոշումը քննարկման առարկա կդարձնենք»։

Սակայն, ըստ Վ.Բաղդասարյանի, վարչապետի պաշտոնից հրաժարումը մեխանիկորեն չի նշանակում նաև կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարում, մեկը մյուսի հետ կապ չունի։

Թե ե՞րբ է լինելու ՀՀԿ ԳՄ նիստը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ դեռ որոշված չէ, բայց չի ուշանա։

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին տարածված լուրերին՝ ՀՀԿ խմբակցություն ղեկավարը դրանք ստահոդ անվանեց. «Ստահոդ հայտարարություն է, ընդհանրապես որևէ նման տիպի քննարկում չի եղել։ Եվ այդ հնարավորությունն այն ժամանակ կար, եթե նման որոշում ունենայինք, կգնայինք դրան։ Ոչ միայն որոշում չկա, այլև մտադրություն չկա»։