ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հատուկ նիստ է հրավիրել, որտեղ պատգամավորները հանդիպել են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ելքը քննադատել է ՀՀԿ-ին հատկապես ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար և դա լուրջ սխալ է համարել, սակայն վերջին հարցազրույցներում նշել է, որ Հայաստանը դուրս չի գալու ԵՏՄ-ից:
«Մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք: Կարո՞ղ են այլ հարցեր էլ լինել, որ վարչապետի թեկնածու Փաշինյանի տեսակետը 180 աստիճանով կտարբերվի պատգամավոր Փաշինյանի կարծիքից», - հարցրել է նա:
Փաշինյանը նշել է, որ ինքը դեմ է եղել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, բայց այնուամենայնիվ Հայաստանն անդամ է և լինելով քաղաքական գործիչներ և պետական գործիչներ, պետք է հաշվի նստեն իրողությունների հետ:
«Կարծում եմ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար: Պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով», ասել է Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալուն, դրա վերաբերյալ նույնպես պարզաբանումներ տվել եմ», - ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ երբ ընդդիմությունում ես, հնարավորություն չունես խնդիրներն ուղիղ քննարկել գործընկերների հետ, և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ այդ հարցերը բարձրաձայնելու համար: Երբ իշխանությունում ես, հնարավորություն կա այդ հարցերը դասավորել ըստ առաջնահերթության և քննարկել, նշել է նա:
«Իմ վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացնելու: Կան խնդիրներ և պետք է քննարկել ու լուծումների հասնել», նշել է նա:
Շարմազանովը պատասխանեց՝ չհամոզեցիք, համաձայն չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է տարբերվի իշխանության ներկայացուցչի խոսքից… Այս պահին շատ լավ ապացուցեցիք, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է ՀՀ շահերից:
Փաշինյանը նշեց, որ ընդամենն արձանագրել է, որ պետական ու քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ: