NASA-ի գիտնականները Բոֆորտ ծովը ծածկող սառցաշերտի վրա արտասովոր շրջանաձեւ անցքեր են հայտնաբերել։ Դրանց առաջացման պատճառը դեռ չի հաջողվել բացատրել, հայտնում է Ռոսբալտը։

Հայտնագործությունն արվել է, երբ հետազոտողները թռիչք էին կատարում Արկտիկայի վրայով, որպեսզի համեմատեն սառույցի մակերեսը 2013-ին ու հիմա։ Նրանց խոսքով՝ այդ տարօրինակ անցքերով սառույցը վերջին սեզոնին է գոյացել։ Նման երիտասարդ սառույցը ձմռան ընթացքում սերտաճում է ու բարակ շերտով ծածկում սառույցների միջեւ եղած մաքուր ջուրը։

Գիտնականների վարկածով՝ այդ վայրում կարող էին բախվել սառույցներ՝ առաջացնելով այդ խորդուբորդ ռելիեֆը։ Անցքերը կարող էին նաև փոկերն անել շնչելու համար։ Հնարավոր է նաեւ , որ դրանք գոյացել են մայրցամաքից եկող տաք ջրերի ազդեցության տակ։