Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Սոչիում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ԵՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունից  հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը եւ ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարեւորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Մոլդովայում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պատոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Մոլդովայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը դինամիկ զարգանում է եւ հույս հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը եւ Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` մինչ այժմ երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: