Lragir.am-ը գրում է.

Անցնող շաբաթ տեղեկություն տարածվեց, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը վերանայել են կուսակցությունից դուրս գալու եւ նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությունը:
Այդ անձինք չէին մեկնաբանել նաեւ դուրս գալու եւ առանձին քաղաքական ուժ ստեղծելու վերաբերյալ տեղեկությունը, որ մամուլում դարձյալ հայտնվել էր անանուն հղումով:
Նրանք այդպես էլ չմեկնաբանեցին թե դուրս գալու, թե փոշմանելու մասին տեղեկությունը:
Եթե օրինակ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը մնում է ՀՀԿ-ում, ապա ստացվում է հետաքրքիր իրավիճակ, հաշվի առնելով այն, որ ամենեւին ոչ շարքային այդ պատգամավորը՝ նա նաեւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, ապրիլի 28-ին բացահայտորեն քննադատել էր ՀՀԿ-ին եւ հեղափոխության պատճառ որակել կուսակցության վատ կառավարումը: Հետեւաբար, եթե Կարապետյանը չի հեռանում այդ կուսակցությունից, ուրեմն պետք է մնա թերեւս մեկ նպատակով՝ այն փոխել արմատապես:
Մյուս կողմից, այստեղ առաջին պլան է գալիս շատ կոնկրետ քաղաքական շահը կամ խնդիրը, որ ունեն Կարապետյանները: Տվյալ պարագայում հարցը ոչ միայն եւ ոչ այնքան կուսակցությունում մնալ-չմնալն է, որ կարող են ունենալ Կարապետյան եղբայրներն ու նրանց թիմակիցները կամ համախոհները, այդ թվում նախկին վարչապետ Կարապետյանը, որքան ընդհանրապես Հայաստանի հետ կապված ծրագրերը, Հայաստանում մնալ-չմնալը:
Նրանք խոշոր ներկայացվածություն ունեն Հայաստանի տնտեսությունում, տնօրինում են ենթակառուցվածքային խոշոր սեփականություն, կատարել են շոշափելի ներդրումներ: Միեւնույն ժամանակ, Սամվել Կարապետյանը ունի նաեւ Ռուսաստանի հետ կապված խնդիր եւ պատկերացնում է, որ իր անունն ամենեւին էլ պատահական չէ, որ տեղ է գտել ԱՄՆ պետքարտուղարության Կրեմլի ցուցակում, որ հրապարակվեց ամիսներ առաջ եւ որում պատժամիջոցի ենթակա անձինք են:
Ավելին, Կարապետյանին թերեւս անհայտ չի լինի այն, որ ցուցակի կազմումը մեծ հավանականությամբ կարող էր տեղի ունեցած լինել հենց ՌԴ հատուկ ծառայությունների հետ գործակցությամբ, որոնց ղեկավարներն այդ օրերին չհայտարարված այցով եղել էին Վաշինգտոնում:
Հայաստանից հեռանալն ակնհայտորեն ելք չէ, եւ ավելին՝ ելք կարող է լինել Հայաստանի վերափոխումներին գործուն եւ կառուցողական մասնակցությունը: Ընդ որում, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ապրիլի 28-ի հայտարարությունն այդ իմաստով իրավիճակի գնահատման համարժեքության վկայություն է: Դրա վկայություն կարող էր լինել նոր կուսակցության ստեղծումը:
Մյուս կողմից, այստեղ արդեն գալիս է մեկ այլ հարց: Իսկ հնարավո՞ր է դուրս գալ ՀՀԿ-ից եւ մնալ Հայաստանի քաղաքական կյանքում նոր կուսակցությամբ, հավակնել դրանով արտահերթ ընտրությանը խորհրդարանում հայտնվելուն: Դա բավական բարդ խնդիր է, մի շարք պատճառներով: Միեւնույն ժամանակ, բավական բարդ է մնալ Հայաստանում, ունենալ խոշոր ներգրավվածություն տնտեսությունում, բայց չունենալ մասնակցություն քաղաքական կյանքում, քաղաքական գործընթացներում:
Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ արտահերթ ընտրությունը հավանաբար կլինի այս տարի: Եթե անգամ արտահերթ ընտրությունը լինի մեկ տարի անց, միեւնույն է, չափազանց դժվար է հասցնել ստեղծել եւ դրան մասնակցել նոր կուսակցությամբ, խորհրդարանում հայտնվելու հեռանկարով, առավել եւս, երբ խոսքը նոր գործիչների մասին չէ, այլ ՀՀԿ-ի հետ ճանապարհ գնացածների:
Այդ պայմաններում, ներկայիս ՀՀԿ-ն իր ամբողջ հասարակական արգահատանքով հանդերձ, ունի հինգ տոկոսի շեմը թեկուզ մի կերպ հաղթահարելու եւ խորհրդարանում պահպանվելու ավելի մեծ հնարավորություն, քան որեւէ նախկին ՀՀԿ-ականի ստեղծած որեւէ նոր կուսակցություն: Ըստ ամենայնի, հենց այդ պարզ հաշվարկն է նաեւ Կարապետյանների որոշման հիմքում՝ եթե դուրս չեն գալիս Հայաստանից ու քաղաքականությունից, ապա դուրս չգալ նաեւ ՀՀԿ-ից:
Միաժամանակ դա նշանակում է, որ նրանք ուրեմն պայքարելու են ՀՀԿ-ում
մեծամասնություն ունենալու համար, որպեսզի խորհրդարանի ընտրությանը
հենց իրենք որոշեն կուսակցության ցուցակն ու անցողիկ տեղերը, որոնց գինն ի դեպ բավական բարձրանում է, քանի որ էապես նվազելու է քանակը: Այլ կերպ ասած, Կարապետյանները մնում են եւ պահանջում՝ եթե Սերժ Սարգսյանը իրենց չհանձնեց իշխանությունը, ապա պարտավոր է հանձնել կուսակցությունը:
Դա էլ իր հերթին նշանակում է, որ կուսակցության ներսում դիրքային պայքարը կստանա
բավական սուր եւ թեժ բնույթ: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի կարգավիճակում տեսնում է Վիգեն Սարգսյանին եւ ընդհանրապես տեսնում է երիտասարդ վերնախավ: Իրենց հավակնություններն ու ռեսուրսներն ունեն Տարոն Մարգարյանը, Դավիթ Հարությունյանը, որը միակն էր կուսակցությունում, որը դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հայտարարում էր վարչապետի մի քանի թեկնածու ունենալու մասին, ամբողջապես հասկանալով պահի եւ իրավիճակի նրբությունները:
Ըստ ամենայնի այդ վարչապետի թեկնածուները այժմ տրանսֆորմացվում են արդեն կուսակցության նախագահի թեկնածուների:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am