Lragir.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 30-31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Վրաստանում:
Վրաստան կատարած այցը լինելու է վարչապետի` Առաջին դեմքի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը արտերկիր, ինչը առավել խորհրդանշական է դարձնում միշտ էլ կարեւոր եւ նշանակալի հայ-վրացական բարձր մակարդակի փոխայցերը եւ շփումները:
Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է առաջին այցն արտասահման՝ մեկնելով Ռուսաստան եւ Սոչիում մայիսի 14-ին մասնակցելով ԵՏՄ Վեհաժողովին: Սակայն դա աշխատանքային այց էր, ոչ թե պաշտոնական:
Ի դեպ, մեկ այլ խորհրդանշական հանգամանք է գուցե այն, որ 2004 թվականին դառնալով Վրաստանի Առաջին դեմք, առաջին պաշտոնական այցն արտերկիր Հայաստան կատարեց Միխայիլ Սահակաշվիլին: Ընդ որում, այցի լուսաբանման անձնական փորձը տվել է եզրակացության հիմք, որ Սահակաշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում բավական տպավորված էր տեսածով, հատկապես այդ ժամանակաշրջանի Վրաստանի ֆոնին: Այդ իմաստով Հայաստան նրա առաջին այցն ինչ որ իմաստով նաեւ օգնեց նրան Վրաստանում սեփական իշխանությունը ձեւավորելու հարցում, թեեւ նա այդ իշխանությունը ծառայեցրեց արդեն բոլորովին այլ որակի պետություն կառուցելու ուղղությամբ, քան Ռոբերտ Քոչարյանի Հայաստանը՝ որ տպավորել էր Սահակաշվիլիին առաջին այցի ընթացքում, հատկապես Շեւարդնաձեի կամ գուցե «ոչ մեկի» Վրաստանի վիճակի ֆոնին:
Այժմ հայաստանցիներին է ավելի շատ տպավորում Վրաստանը, մի շարք առումներով, անշուշտ իր առանցքային տնտեսա-քաղաքական եւ այլ բնույթի խնդիրներով հանդերձ:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն այժմ Վրաստան է այցելելու բոլորովին այլ Հայաստանից: Այդ Հայաստանն այժմ ինքն է տպավորել աշխարհի շատ հասարակությունների, իշխանությունների, փորձագետների եւ մամուլի միջոցների: Փաշինյանը Վրաստան է մեկնում այդ ալիքի վրա, բարձր նոտայի վրա:
Իսկ այստեղ կա բավական նուրբ եւ առանցքային պահ, որ հայ-վրացական հարաբերությունում եղել է, կա, ու այն թերեւս տարր է, որից հարկ էր երեւի թե ձերբազատել այդ հարաբերությունը, քանի որ ինքնին չլինելով սկզբունքային խնդիր, առաջացնում էր անհարկի ներքին արգելակ: Խոսքն այն մասին է, որ Վրաստանն իր առաջընթացի բարձրությունից էր նայում Հայաստանին, ու որքան էլ դա զուտ նոմինալ տեսանկյունից ուներ հիմքեր, այդուհանդերձ խորքային իմաստով ավելորդ եւ թերեւս աննկատ, բայց խանգարող հանգամանք էր:
Ի վերջո, անվտանգության հարցում հայկական զինուժի տարածաշրջանային առաքելությունը խորքային առումով պահում է նաեւ Վրաստանի թիկունքը եւ պաշտոնական Թբիլիսին անշուշտ լավ է գիտակցում դա: Ու ամենեւին պատահական չէր, որ 2016-ի ապրիլյան քառօրյայի բռնկումից առաջինը անհանգստացել էր հենց Վրաստանը: Եվ ոչ այն պատճառով, որ սահմանակից էր ռազմական գործողությունների ծավալման տարածքներին, այլ որովհետեւ հայկական զինուժի դիմադրունակության խնդրի դեպքում խաղին անմիջականորեն ներգրավվելու էր Ռուսաստանը, իսկ այդ դեպքում մեղմ ասած կարող էին «անտառը կտրելու տաշեղները» թռչել դեպի Վրաստանի տարածք, անկանխատեսելի հետեւանքով:
Մյուս կողմից, իհարկե, Վրաստանն էլ կարեւորագույն գործընկեր է Հայաստանի համար, քանի որ ապահովելով ՆԱՏՕ աստիճանական մուտքը տարածաշրջան, բալանսավորում է ռազմա-քաղաքական իրավիճակը աշխարհքաղաքական ուժային կենտրոնների մակարդակում եւ նվազեցնում թե Թուրքիայի նշանակությունը, թե նաեւ Հայաստանի համար դրական իմաստով վարքագծի փոփոխության անհրաժեշտության առաջ դնում Ռուսաստանին:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին Թբիլիսիում օրեր անց ընդունելուց առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այցելել է ԱՄՆ: Այսօր նրա հետ հանդիպմանը անվտանգության առումով կարեւոր հայտարարություն է արել ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն, ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հույսը դնում են ուժեղ, արդյունավետ և պատրաստակամ գործընկերների ընդհանուր անվտանգության շահերի պաշտպանությանը, հենց այդպիսի երկիր է Վրաստանը:
Ուշագրավն այն է, որ Վրաստանն այդ առումով ուժեղ է, եթե ուժեղ է նախ եւ առաջ Հայաստանը: Հայաստանի ուժն է, որ թույլ կտա Վրաստանին ունենալ ուժեղանալու ժամանակ: Այդ իմաստով, ռեգիոնալ անվտանգության խնդրի համատեքստում Հայաստանն ու Վրաստանը առանցքային շղթա են, որի վրա կարող է կառուցվել նոր համակարգը: Հինը գործնականում կենսունակ չէ եւ ԱՄՆ օժանդակությամբ եւ Վիեննայի օրակարգով ժամանակավորապես «կարկատված» է, մինչ կձեւավորվի ռուս-ամերիկյան կոնսենսուս հայ-վրացական առանցքով նոր համակարգի ձեւավորման հարցում:
Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Ռուսաստանից վերադարձած Փաշինյանն ու ԱՄՆ-ից վերադարձող Կվիրիկաշվիլին մի քանի օր անց կհանդիպեն Թբիլիսիում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am