ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումները կսկսի բուհերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը:

«Առաջիններից մեկը լինելու է Երեւանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը որոշելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները եւ նրանք առաջիններից մեկը պետք է զգան հեղափոխության արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ դիմել է հանրությանը՝ հարցնելով, թե որ ոլորտներից կցանկանային, որ իր աշխատանքն սկսեիր իր ղեկավարած կառույցը:

«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ»,- նշեց Սանասարյանը:

Հարցերին, թե առաջիկայում ինչ սկանդալային բացահայտումներ են սպասվում, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քանի որ խոսք եմ տվել լրատվամիջոցներին, որ այդ մասին խոսելու եմ կոնկրետ ասուլիսի ժամանակ, այս պահին ձեռնպահ կմնամ: Այժմ չեմ պատասխանում հարցերին, որոնք վերաբերվում են իմ գլխավորած ծառայությանը»: