Սարդարապատի հուշահամալիրում, այսօր՝ մայիսի 28-ին, կայացել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական զորահանդես (ֆոտոռեպորտաժ):

Զորահանդեսի մեկնարկին օդ բարձրացան «Սու-25» գրոհայինները, որոնք տպավորիչ թռիչքով օդում պատկերեցին Հայոց եռագույնը:

Այնուհետեւ ՊՆ պատվո պահակային վաշտը ներկայացրեց զինվորական շարանցման ոչ պակաս գեղեցիկ հանդիսավոր ցուցադրումը:

Առաջին անգամ զինվորական շքերթի ժամանակ ներկայացվեցին Առաջին Հանրապետության ժամանակներից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում մեր ռազմական հաջողություններն ու զինվորական ստորաբաժանումները: Մասնավորապես, ներկայացվեցին Սարդարապատի հերոսամարտերին մասնակցած ստորաբաժանումներն ու ժոկատները, այդ թվում հեծելազորը:

Այնուհետեւ հրապարակում հայտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները: Իսկ նրանց հաջորդեցին Արցախյան ազատամարտի մասնակիցները, այդ թվում կամավորական ջոկատները, իսկ վերջում նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդ երկրապահները:

Զորահանդեսին մասնակցել են Հայաստանի ու Արցախի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում հետախույզները, խաղաղապահները: Մասնակցել են նաեւ ԱԱԾ սահմանային ծառայության, Ոստիկանության, ԱԻՆ-ի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները։

Հատկանշական է, որ առաջին անգամ է, որ նման բեմադրությամբ ցուցադրվում է հայկական բանակի անցած 100-ամյա ուղին:

Նշենք, որ նախքան զորահանդեսի մեկնարկը Հայաստանի ու Արցախի ղեկավարությանը ներկայացվեց ռազմական տեխնիկա, որը եղել է Հայաստանի սպառազինության մեջ անցած 100 տարիների տարբեր ժամանակահատվածներում, 1918 թ․ պատմական իրադարձություններից սկսած մինչեւ մեր օրերը։ Գնդացիրներ ու առաջին համաշխարհային պատերազմի եւ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի զինատեսակներ։

Տ-34 տանկը, ինքնագնաց հրետանային սարքավորումներ, «Կատյուշան» Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն են եղել։ Կողքին ժամանակակից զինատեսակներ են՝ «Տոչկա-Ու», «Կորնետ», «Կոնկուրս» , ՌԴ-ում միջազգային մրցույթի ժամանակ շահած «Տ-90» տանկը, ամենաժամանակակից զինատեսակներից մեկը՝ «Սմերչ»։

Նաեւ ներկայացված էին հայրենական սպառազինման նմուշներ, այդ թվում կրակի կառավարման ավտոմատ համակարգեր, սակրավորների տեխնիկա, կապի միջոցներ, թիկունքային ապահովում։