Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր եւ տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում:

Նրանք երկու դժգոհություն են առաջ քաշում, նախ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Բացի այդ, վարորդները դժգոհ են ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից եւ պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին եւ դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Դեռ մայիսի 29-ին նրանց ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը եւ նշել, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը եւս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։ Աշոտ Հակոբյանն առաջարկել է նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաեւ ուղեւորափոխադրողների ներկայացրուցիչներին, որոնք հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։

Անդրադառնալով հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների արգելքին՝ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ նաեւ ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան, եւ նախարարությունը սպասում է ռուսական կողմի արձագանքին։