Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից  հայտնում են, որ հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տիրող իրավիճակի առնչությամբ ու զորակցություն հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որը կարող է վնասել Արցախի անվտանգությունը:

Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Այնուհետեւ քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը եւ իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկջոկատայիններին:

Այս միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ»:

Միջադեպին անդրադարձել է նաեւ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլեւ բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։

Ավելի ուշ ցուցարարների հետ հանդիպել ու նրանց պահանջներն է քննարկել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ապա նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: