Որպեսզի դատական համակարգում տեսանելի փոփոխություն լինի, ներկայիս դատավորների 60-70 տոկոսը պետք է հեռացվեն համակարգից: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Որքան էլ կառավարությունը պայքար հայտարարի կոռուպցիայի դեմ, ըստ նրա, դա չի անդրադառնա դատական համակարգի վրա, եթե ներկայիս կոռումպացվածներն այնտեղից չհեռանան:

«Ներկայիս դատավորների երևի 60-70 տոկոսը ցանկացած համակարգի պայմաններում ոչ միայն իրենք են շարունակելու մնալ կոռումպացված, այլ նաև շարունակելու են մնալ կոռուպցիա տարածող: Այդ դատավորներն անբուժելի հիվանդ են կոռուպցիայով, նրանք նաև այդ կոռուպցիան տարածողն են: Այսինքն՝ շփվելով այդ դատավորների հետ, բոլորն են ներգրավվում կոռուպցիայի մեջ», ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականին, նա նշեց, որ նոր Սահմանադրությամբ ու Դատական օրենսգրքով Վճռաբեկ դատարանի նախագահն այլևս մեծ ազդեցություն չունի դատական համակարգի ու առանձին դատավորների վրա: «Այնպես որ, հիմա արդեն Վճռաբեկ դատարանի նախագահի պերսոնը վճռորոշ չէ», հավելեց նա:

Փաստաբանի խոսքով՝ ընդհանրապես չպետք է Հայաստանում Վճռաբեկ դատարան լինի: «Եթե այդ կառույցն ընդհանրապես չլինի, ես կարծում եմ, դեպի վատը ոչինչ չի լինի: Վճռաբեկ դատարանն այսօր ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունեցող ատյան է, որն աշխատում է ինքն իր համար: Այսօր և քաղաքացիական, և վարչական գործերով Վերաքննիչ դատարանները գործերը քննում են վճռաբեկության կարգով: Իսկ քրեական Վերաքննիչ դատարանը գործերի գերակշիռ մասը դարձյալ քննում է վճռաբեկության կարգով: Այսինքն՝ մենք ունենք վճռաբեկություն իրականացնող Վերաքննիչ դատարաններ, և մի հատ էլ վճռաբեկություն իրականացնող Վճռաբեկ դատարանի անհրաժեշտություն բացարձակ չկա»,- ասաց նա:

Ըստ Ալումյանի՝ Վճռաբեկ դատարանն այսօր ընդամենը մեկ պարտականություն ունի ըստ Սահմանադրության, որը դրված է կոնկրետ այդ կառույցի վրա: Այն է՝ ապահովել օրենքի միատեսակ կիրառություն: Բայց, ըստ մասնագետի, այդ լիազորությունը հանգիստ կարելի է վերապահել Վերաքննիչ դատարանին: Իսկ Վճռաբեկ դատարանի չլինելու հաշվին խնայված գումարները, նրա խոսքով, կարելի է ուղղել համակարգ լրացուցիչ դատավորներ ներգրավելուն՝ հաշվի առնելով այն, որ դատական համակարգը գերծանրաբեռնված է աշխատում: