Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց Արցախը բանակցային կողմ լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հարցին:

Ըստ Լավրովի, Արցախը նախկինում եղել է կողմ, սակայն հետո Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են բանակցել առանց դրա, եւ եթե նրանք նոր պայմանավորվածություն ունենան Արցախի բանակցություն վերադարձի մասին՝ որպես կողմ, Ռուսաստանը կընդունի այդ պայմանավորվածությունը:

Լավրովի պատասխանից միարժեք չէ, թե արդյո՞ք Ռուսաստանը համաձայն է բանակցային սեղան Արցախի վերադարձին, թե՞ նա պարզապես օգտվելով առիթից իր անհամաձայնությունը հայտնում է պատասխանատվությունը թողնելով Բաքվի ու Երեւանի վրա, լինելով վստահ, որ Բաքուն չի համաձայնի Արցախի հետ բանակցելուն:
Որովհետեւ, էական է, թե Ռուսաստանը, եւ ընդհանրապես համանախագահ եռյակը ինչ է մտածում այդ մասին անկախ Երեւանի ու Բաքվի պայմանավորվածությունից: Եթե մտածում է դրական, եթե կողմ է Արցախի մասնակցությանը, ապա համանախագահ եռյակը որեւէ կերպ կփորձի նպաստել այդ հանգամանքի իրականանալուն: Իսկ եթե ոչ, ապա կխանգարի: Թեեւ, ներկայումս թվում է, որ խանգարելու կարիք չկա էլ՝ Բաքուն չի համաձայնի:

Միեւնույն ժամանակ, համանախագահ եռյակը ըստ էության արել է Արցախը կողմ լինելու կամ դառնալու առաջարկ: Համենայն դեպս այնքանով, որքանով այդ եռյակը իրապես հավատարիմ է իր իսկ առաջ քաշած հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման օրակարգին, փաստացի արել է առաջարկ Արցախի կողմ դառնալու կամ այդ հանգամանքը ճանաչելու մասով:

Հրադադարի մեխանիզմի ներդրումը, հետաքննության մեխանիզմի ձեւավորումը փաստացի լինելու է յուրօրինակ սահմանզատում, այդ թվում Արցախի ու Ադրբեջանի: Հենց դա է նաեւ պատճառներից մեկը, որ Բաքուն չի համաձայնում այդ մեխանիզմին, որովհետեւ դա նշանակում է ճանաչել Արցախի սահմանը: Հհրադադարի պահպանման մեխանիզմի ամրագրման, այսինքն հրադադարի համար միջազգային պատասխանատվության սահմանման օրակարգով համանախագահները դե ֆակտո առաջ են քաշում Արցախի սահմանի ճանաչման եւ այդպիսով Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու առաջարկը:
Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին Արցախում պարզապես բարձրաձայնել է հենց այդ օրակարգը, այդ տրամաբանությունը:

Տարօրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն աղմուկով ընդունվեց Հայաստանում: Տարօրինակ, կամ գուցե միանգամայն տրամաբանական, որ այն Հայաստանում ընդունվեց աղմուկով, եւ Ադրբեջանում, ոչ թե համանախագահ երկրներում: Որոշակի ռեզոնանս առաջացրեց հունիսի 1-ին ՌԴ ԱԳՆ մամուլի դեպարտամենտի ղեկավարի օգնականի ասուլիսը, որտեղ վիզուալ ակնհայտ անտեղյակ տպավորությամբ մարդը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանել էր խախտելով դիվանագիտական էթիկան ու նաեւ արցախյան կարգավորման դե ֆակտո տրամաբանությունը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հետո խմբագրեց նրա հայտարարությունը, իսկ Լավրովի նախօրեին արտահայտած կարծիքն էլ հուշեց, որ իրականում չափազանցված էին Հայաստանի հանդեպ Ռուսաստանի աննախադեպ կոշտ հայտարարության կամ հայ-ռուսական հարաբերության վատթարացման մասին Զախարովայի օգնականի անտեղյակ հայտարարություններից բխեցված գնահատականները:

Միաժամանակ հստակ է, որ Հայաստանը պետք է օգտագործի թավշյա հեղափոխության կապիտալը, Արցախի հարցում կոնցեպտուալ նոր դիրքեր դուրս գալու համար:
Մարտավարական առումով բավականին դիպուկ եւ հստակ էր Նիկոլ Փաշինյանի նախօրեին խորհրդարանում արած հայտարարությունը, որ, եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ապա համարժեք չէ Հայաստանին հավասարապես խաղաղության պատրաստվելու որեւէ կոչ, որովհետեւ այդ դեպքում կնշանակի Հայաստանը պատրաստել պարտության: Իսկ Այդ կոչերը հնչեցնում են միջազգային տարբեր կազմակերպություններ, երբեմն նաեւ համանախագահները: Հայաստանի նախորդ իշխանությունն էլ այդ առումով բավական հստակ ասել է, որ հավասարության նշանը որեւէ առումով ընդամենը առավել սանձարձակ է դարձնում Ադրբեջանին:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունն անում է համանախագահների Հայաստան այցին ընդառաջ: Մյուս կողմից, ամենեւին փաստ չէ, որ Երեւանի այդ դիրքորոշումը նրանց համար մերժելի է: Ավելին, համանախագահները կարող են նույնիսկ «սադրել» Հայաստանի այդպիսի դիրքորոշում, Երեւանին մղելով կոնցեպտուալ վերանայումների, ինչը նաեւ համանախագահների համար գուցե հնարավորություն է դուրս գալ կարգավորման ճահճացած, լճացած գործընթացից եւ գտնել ստատուս-քվոն քաղաքական կառավարման ենթարկելու նոր բովանդակություն: Դա ներկայումս կախված է Հայաստանից, որը ստացել է այդ նախաձեռնողականության համար թե ներքին, թե արտաքին լեգիտիմություն: Ընդ որում, ուշագրավ է, որ խոսքը երկշերտ լեգիտիմության մասին է՝ Հայաստանի եւ Արցախի մասով, քանի որ թե Լավրովի հետ հանդիպումից, թե համանախագահների այցից առաջ հետաքրքիր փոփոխություններ եղան նաեւ Արցախում: