Էլեկտրաէներգիայի սակագնինը 10 դրամով կնվազի միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց թիվը կազմում է 110-120 հազար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթոր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին կոչ արեց ներկայացնել, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում և սակագնի փոփոխման հարցում ինչ նորություն կա:
Ի պատասխան, նախարարն ասաց, որ սակագնի վերանայման հետ կապված այս պահին կան ռիսկեր: Դրանացից առաջինը պայմանավորված է Ատոմակայանի աշխատանքների` նախադեպը չունեցող երկարաձգման հետ: Պատմության մեջ, նրա խոսքով, ընդհանրապես չի եղել դեպք, որ Ատոմակայանն այսքան երկար ժամկետով կանգնի, կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Այդ առումով դա սակագնի վրա մեծ ազդեցություն ունի: Գազի սակագնի նվազման հարցում ռիսկը, նախարարի խոսքով, կապված է սահմանին գնվող գազի գնի հետ: Նա ասաց, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ մինչև տարեվերջ ունի պայմանագիր, որով սահմանին գազը ձեռք է բերվում 150 դոլարով: Կա նաև ռիսկ՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի հետ:
«Ուստի, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություն անել միայն անապահովների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է: Մենք ունենք հնարավորություն 10 դրամով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Տաշիր ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք իրենց շահույթի հաշվին դա անեն»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախարարը չխոսեց ոլորտի այլ ռիսկերի մասին, օրինակ, թե որքան կոռուպցիա կա համակարգում, որքան անարդյունավետ ծախս: Նա հանձնարարեց ուսումնասիրել նաև այս ռիսկերը և կառավարություն ներկայացնել համապատասխան հաշվետվություն: