ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կլքի Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ խնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ որոշումը ինքը շատ նորմալ է գնահատում:

«Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին. «Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»:

Հարցին, թե սա փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց.«Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ն լքելու խոսակցություններին, Շարմազանովն ասաց, որ այս պահին նման խոսակցություն չկա: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի դեմքն էր, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց նա հետո հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»: