Դպրոցական ֆուտբոլային թիմի մասնակիցները, որոնք Թաիլանդի քարանձավներից մեկում մարզիչի հետ թակարդի մեջ են հայտնվել, կարող են քայլել, սակայն նրանց ուժերը չեն բավարարի ջրի տակով լողալու համար, հայտնում է BBC-ի կայքը՝ հղում անելով Չիանգ Ռայի նահանգապետ Նարոնգսակա Օսատանակորնային, փոխանցում է «Интерфакс»-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գիշերը, եթե անձրև սկսվի, երեխաներին տարհանելու փորձ կատարվելու է, նահանգապետը նշել է, որ տղաներն այդ ժամանակ չեն կարողանա ջրի տակով լողալ: Նահանգապետի խոսքով, տղաների մոտ ամեն ինչ կարգին է, նրանք քարանձավում կարողանում են նորմալ շնչել:

Ինչպես հաղորդվել էր, անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով քարանձավում արգելափակվել էին ֆուտբոլային թիմից 11-ից 16 տարեկան 12 երեխա և նրանց մարզիչը: Նրանց հայտնաբերել էին 10 օր անց քարանձավի մուտքից մոտ 5 կմ հեռավորության վրա: