Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, եւ մենք հույս ունենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ-ի, արեւմտյան երկրների, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ Կոսովոյում եւ Աֆղանստանում դաշինքի երկու առաքելությունների մասնակից: «Սա հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը: Այնուամենայնիվ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ մենք ընդհանուր առմամբ Հայաստանը տեսնում ենք այդ կազմակերպությունում եւ անվտանգության համակարգում»,- ասաց նա:

Հարցազրույցում Փաշինյանը նաեւ հաստատել է կառավարության պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն՝ «միայն օրենքի շրջանակներում եւ մարդու իրավունքներին համապատասխան»: «Ես քաղբանտարկյալ եմ եղել: Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ լինեին», - ընդգծել է նա:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ հույս ունի Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար: «Մենք կարողացանք մեծ տնտեսական փոփոխությունների հասնել: Մենք հավասար պայմաններ ունենք բոլոր խաղացողների համար: Հույս ունենք, որ Հայաստանի տնտեսությունն առավել գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար: Մենք կամրապնդենք հայկական ժողովրդավարությունը մեր միջազգային գործընկերների օգնությամբ կամ՝ առանց դրա»,- ասել է նա: