Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է շուրջ 2,14 մլրդ դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները պարզել են, որ Երեւանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տրանսպորտային միջոցների տեխզննություն էին իրականացնում, ապօրինություններ են կատարել:
Մասնավորապես, 2015-2018 թթ.-ին այդ ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը՝ մեքենաները, փաստացի, տեխնիկական զննության չեն ենթարկվել:
Ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել էին նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոնների, նաեւ արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10 500-ական դրամները հափշտակելու դիտավորությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել էին ֆինանսների նախարարություն եւ չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել 1 մլրդ 31 մլն 330 հազար դրամից ավելի գումար:
Պարզվել է նաեւ, որ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերում գործող 10-ից ավելի ընկերություններ, որոնք զբաղվում են մեքենաների տեխզննությամբ, եւս ապօրինություներ են կատարել: Մասնավորապես, 2015-ի հունվարից մինչեւ 2018-ի հունիս ընկած ժամանակահատվածում դարձյալ ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել էին նման գործընթաց:
Նրանք չկատարած աշխատանքների դիմաց նույն սխեմայով պետբյուջեից հափշտակել են 1 մլրդ 108 մլն 920 հազար դրամից ավելի գումար: