Գործնականում հաստատված է տեղեկությունը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կգլխավորի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Ֆեդերացիայի նախագահի աշխատանքը հասարակական պաշտոն է եւ զուտ ֆորմալ տեսանկյունից այստեղ խնդիր չկա, թեեւ ինքնին երեւույթը, երբ պետական պաշտոնյան գլխավորում է մարզական ֆեդերացիա, դժվար է դիտարկել պետական եւ հանրային արդիականության համատեքստում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանն էլ է դժվար դիտարկել այդ համատեքստում, հետեւաբար այդօրինակ իրողությունները տեղավորվում են հայաստանյան առանձնահատկությունների շրջանակում, հաշվի առնելով թե նախորդ համակարգի բնույթը, թե թավշյա հեղափոխությունից հետո այդ բնույթի չեզոքացման արդյունքում շատ տեղերում վակուում թույլ չտալու խնդիրը:

Մարզական, հատկապես նշանակալի մարզաձեւերի ֆեդերացիաների հարցը այդ շարքում է թերեւս, քանի որ դրանք եւս ներառված են եղել նախկին համակարգի քվոտաների ու պայմանավորվածությունների շարքում:

Այդ իմաստով արդեն զարմանալի չէ լուծումը, երբ ֆուտբոլի ֆեդերացիան համակարգի նախկին օդիոզ եւ առանցքային ֆիգուրներից մեկի ազդեցությունից դուրս է բերվում ԱԱԾ ղեկավարի ներգրավումով:

Դրան զուգահեռ, իրավիճակը կարող է ունենալ մեկ այլ հետաքրքիր կողմ: Ֆուտբոլային կյանքում ներգրավված են խոշոր սեփականատերեր, որոնց թիվը հատկապես վերջին տարվա ընթացքում էապես ավելացել է, նաեւ մեծացել է կալիբրը: Հայկական ֆուտբոլ են մտել Գագիկ Ծառուկյանը, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, կան նոր ռուսաստանցի հայ սեփականատերեր, որոնք ավելացել են մինչ այդ եղած հայաստանյան սեփականատերերի շարքին:

Բնական է, որ ֆուտբոլում պետք է դերակատար լինեն խոշոր սեփականատերերը, ամբողջ աշխարհում է այդպես: Խնդիրը իհարկե խաղի կանոններն են: Թե ինչպիսին պետք է լինեին կամ կարող էին եղած լինել նախորդ համակարգում խաղի կանոնները, հնարավոր է պատկերացնել, ելնելով այդ համակարգի բնույթից, որ բացահայտվում է այժմ քայլ առ քայլ, կոնկրետ դեպքերով ու գործերով:

Միաժամանակ, կա նոր խաղի կանոնների կամ պարզապես օրինականության ձեւավորման խնդիրը: Դրան զուգահեռ կասկածից վեր է այն, որ խոշոր կապիտալն այնքան էլ մեծ հաճույքով չէ, որ համակերպվելու է այդ գործընթացին ու թեեւ ունի ուղիղ դիմադրության չգնալու ողջախոհություն կամ առնվազն ինքնապաշտպանական բնազդ, այդուամենայնիվ շրջանցիկ ուղիներ նրանք փնտրելու են միշտ եւ անվարան օգտագործելու են՝ հնարավորության դեպքում:

Ֆուտբոլը կարող է լինել դրա հնարավորությունը, որտեղ շրջանառվում են Հայաստանի մասշտաբի համար ոչ քիչ փողեր: Միաժամանակ դա մի ոլորտ է, որտեղ փողերի հոսքը կարող է լինել նվազ կառավարելի, հատկապես որ կա տեսակետ, որ խոշոր կապիտալիստները ֆուտբոլ են մտնում կամ պարզապես շատ սիրելու պատճառով, կամ էլ այնտեղ ֆինանսական տարբեր խնդիրներ լուծելու: Որովհետեւ ինքնին որպես բիզնես, հայկական ֆուտբոլը մեղմ ասած եկամտաբեր չէ եւ այդպիսին հազիվ թե լինի առաջիկայում:

Ահա այդ ամենի ֆոնին է նաեւ հատկանշական, որ անցնող տարում նկատվեց ֆուտբոլի հանդեպ հայկական եւ ռուսաստանահայ օլիգարխիայի հետաքրքրության զգալի աճ, այն դեպքում, երբ չի նկատվել հայկական ֆուտբոլի եկամտաբերության աճ:

Այս իրավիճակում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի «նշանակումը» կարող է լինել նոր կառավարության պատասխան անակնկալը ֆուտբոլով հետաքրքրվող օլիգարխիային, որպես ուղերձ, որ ֆուտբոլը չի կարող որեւէ մեկի համար դառնալ թաքստոց, եթե իհարկե որեւէ մեկը այդ դաշտում է հայտնվել ոչ թե մարզաձեւի հանդեպ անմնացորդ սիրո, այլ «ուրիշ» նպատակով:

Նյութի աղբյուրը` Lragir.am