Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին, այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.


«Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միեւնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիեւը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետեւաբար, Ադրբեջանի ղեկավարները սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը ձեւավորելու համար՝ որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ:

Զարմանալիորեն, մինչ Հայաստանի կառավարությունը ծրագրեր է մշակում արտերկրից հայերի հայրենադարձության համար, Ադրբեջանը փորձում է ճիշտ հակառակն անել՝ խրախուսելով ադրբեջանցիների տեղափոխումը նախկին խորհրդային երկրներ, Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ՝ իր սփյուռքն ընդլայնելու համար...

Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը վերջերս հայտարարել է, որ «համակարգող կենտրոնների ստեղծումը աշխարհի ադրբեջանցիների համար շարունակվում է եւ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջնահերթություններից է... Ադրբեջանի պետությունը հսկայական ֆինանսական պայմաններ է ստեղծել դրա համար: Նախագահի հրահանգով, մենք աջակցում ենք մեր սփյուռքյան կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Այս գործունեության շնորհիվ, ադրբեջանական սփյուռքը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանում է հայկական լոբբիին, այլեւ երբեմն հաղթում է նրանց»:

Անցյալ տարի Բաքվի պետական համալսարանի շրջանավարտ Սերգեյ Ռումյանցեւը հոդված հրապարակեց OpenDemocracy.net կայքում՝ «Կեցցե ադրբեջանական սփյուռքը» վերնագրով, նշելով, որ «Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի զորաշարժի ենթարկի կամ նույնիսկ ստեղծի համաշխարհային ադրբեջանական սփյուռք»: Ադրբեջանական սփյուռքի հիմնական նպատակն է՝ հակազդել հայերին Արցախյան հակամարտության մեջ: Ադրբեջանի ղեկավարները հայկական սփյուռքը դիտարկում են «որպես չափազանց ազդեցիկ եւ խիստ համախմբված», ուստի «Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխող վարչակարգի համար սփյուռքը հանդիսանում է քաղաքական լոբբիի հոմանիշ արտասահմանում»:

Ադրբեջանցիները հայկական սփյուռքի մասին այնպիսի չափազանցված տեսակետ ունեն, որ երբ անցյալ տարի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց չեղյալ համարել համառուսաստանյան ադրբեջանական համագումարի գրանցումը, «շատ [ադրբեջանցի] մեկնաբաններ շտապեցին եզրակացություններ անել հայկական դավադրությունների եւ խարդավանքների մասին», գրել է Ռումյանցեւը: Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական կազմակերպությունը խախտել էր ռուսական օրենքները: Հայերը ոչ մի կապ չունեին դրա փակման հետ:

Ադրբեջանի իշխանությունները այնքան էին տպավորվել հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությամբ, որ 2000-ականների սկզբին նրանք «այս նախագծում ներդրել էին մեծ թվով ֆինանսական եւ խորհրդանշական կապիտալ: Նրանք փորձել էին հնարավորինս արագ հնարել իրենց երեւակայած սփյուռքը», ըստ Ռումյանցեւի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հեյդար Ալիեւը՝ ներկայիս նախագահի հայրը, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էր 1970-80-ականներին: Նա կազմակերպեց բազմաթիվ ադրբեջանցի ուսանողների կրթությունը Խորհրդային Միության զանազան համալսարաններում եւ խրախուսեց ադրբեջանցիների տեղափոխությունը դեպի տարբեր խորհրդային հանրապետություններ...

Մինչ 2016 թ. մարտի 16-ին Ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային կոնգրեսի անցկացումը, «արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն նկարահանել էր վավերագրական ֆիլմ՝ «մենք 50 միլիոնանոց ազգ ենք» վերնագրով», գրել է Ռումյանցեւը: Կոմիտեն հայտարարել է, որ 10 միլիոն ադրբեջանցիներ ապրում են աշխարհի մոտ 70 երկրներում:

Ռումյանցեւը համոզված է, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիները ամրակուռ խումբ չեն. զգալի տարբերություն կա ադրբեջանցի գաղթականների շրջանում. «ադրբեջանական սփյուռքի ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է ադրբեջանցի գործարարների եւ նրանց ընտանիքի անդամների բավականին նեղ շրջանակով»:

Ռումյանցեւը պատմել է արտերկրում ադրբեջանցիների կազմակերպչական ջանքերի սկզբնավորման մասին. «2001 թ. նոյեմբերին Բաքվում Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ անցկացվեց Ադրբեջանցիների համաշխարհային հիմնադիր համագումարը: Հաջորդ տարի ստեղծվեց արտասահմանում ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն, որի մշտական ղեկավար նշանակվեց Նազիմ Իբրահիմովը: Նրա առաջին ժողովը հանգեցրեց եւս մեկ մարմնի՝ «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծմանը, իհարկե համաադրբեջանական նախագահ Հեյդար Ալիեւի գլխավորությամբ: Հետագայում սփյուռքի կառուցման հաջողությունը չափվում էր նրանով, թե ինչքան կազմակերպություններ գոյություն ունեն եւ ինչպես միավորել դրանք մեկ կառույցում»:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բաղկացած է տեղական/տարածաշրջանային մարմիններից, այնուհետեւ ադրբեջանական կազմակերպությունները տարբեր երկրներում եւ, վերջապես, Համաշխարհային կոնգրեսը, որն իր հրամաններն ստանում է անմիջապես Ադրբեջանի կառավարությունից:

Նախագահ Իլհամ Ալիեւը հպարտությամբ հայտարարել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վերջին համաժողովի մասնակիցներին. «Եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 336 սփյուռքյան կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը հասնում է 416-ի»: 2015 թ. չորրորդ Համաշխարհային կոնգրեսում պատվիրակները հայտարարեցին, որ գոյություն ունի նման 462 կազմակերպություն»:
Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն ադրբեջացիների մասնակցությամբ մի քանի միջոցառումներն ամբողջ աշխարհում ներկայացնում են չափազանցված ձեւով, կարծես թե մեծ թվով ադրբեջանցիներ են ընդգրկված ադրբեջանամետ գործունեության մեջ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում՝ ի աջակցություն Ալիեւի վարչակարգի։ Օրինակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2006 թ. այցելեց Բեռլին, քիչ թվով ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրեցին եւ հետեւյալ ուղերձը հղեցին նախագահ Ալիեւին. «Պարոն Նախագահ, Դուք վայելում եք ամբողջ աշխարհի ադրբեջանցիների աջակցությունը…»։

Ռումյանցեւն իր հոդվածն ավարտում է, նշելով, որ ադրբեջանական սփյուռքը չի կարող համեմատվել հայերի, հրեաների եւ հույների դասական սփյուռքների հետ։ Արտերկրում ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը «գոյություն ունի միայն թղթի վրա»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նյութի աղբյուրը` NEWS.am