ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու է, բայց դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

«Այո, հարցաքննությունը լինելու է: Տեսագրվելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Տեսագրությունը համարվում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը: Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին, որպես այդ արձանագրության բաղկացուցիչ մաս: Այո, ունենք որոշում տեսագրելու»,-հայտարարեց նա:


Հարցին, թե ո՞վ է վարելու հարցաքննությունը, ՀՔԾ պետը պատասխանեց. «Քննիչը»:

«Քննչական խմբի ղեկավարը ոչ Էդիկ Հակոբյանն է, ոչ էլ Մուշեղ Բաբայանը: Որեւէ գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար է գաղտնի պահվում»:

Հարցին, թե նա՞ է հարցաքննելու, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա ինչ կարեւոր հարց է այս պահին»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կան, թե ոչ: