ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնակարանում 2 շաբաթ է՝ բնակություն է հաստատել Երեւանի բնակիչ տիկին Կարինեի բազմանդամ ընտանիքը: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ անակնկալի են եկել, երբ իրենց զանգահարել են եւ առաջարկել բնակվել Փաշինյանի բնակարանում:

«Մոտ 1 ամիս առաջ մենք դիմեցինք տիկին Աննային, ասացինք, որ հնարավորություն չունենք վարձով բնակվելու: 2 շաբաթ առաջ աղջիկս ասաց, որ իրեն զանգահարել են եւ ասել, որ կարող ենք գալ, բնակվել վարչապետի բնակարանում: Կարծես հրաշք լինի, մինչեւ հիմա չենք հավատում»,- պատմեց տիկին Կարինեն:


Տիկին Կարինեն, ով դստեր եւ 3 թոռների հետ է բնակություն հաստատել վարչապետի բնակարանում, պատմեց, որ Աննա Հակոբյանը նույնիսկ տան իրեր է թողել իրենց համար. «Մենք շատ քիչ բան ունեինք, ինչ-որ մեզ պետք էր, խնդրել ենք, Աննան թողել է բնակարանում»:

Տիկին Կարինեն բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարան ունեն, կոչ արեց ժամանակավորապես տալ անապահով ընտանիքներին՝ բնակության համար:

«Ես համոզված եմ, որ Աննան էլ կունենար ծանոթներ, որոնք բնակարանի կարիք կունենային, բայց իրենք անծանոթ մարդկանց հանձնեցին, որ օրինակ ծառայեն մյուսների համար: Շատ շնորհակալ եմ վարչապետին եւ նրա կնոջը՝ նման բարի գործ անելու համար»,- ասաց կինը:

Նա նշեց, որ սեփական բնակարան չունեն, որոշ ժամանակ վարձով են բնակվել, այնուհետեւ հեռավոր ծանոթի տանը, սակայն բնակարանը վաճառելուց հետո դրսում էին հայտնվել:

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարաններ ունեն, տալ անապահով ընտանիքներին՝ բնակության համար: