Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը դեռ ընթանում է, սակայն նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: 

«Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն մեզ, արդյունքների մասին տեղեկացված չենք: Այսօր եմ տեսակցել պարոն Գրիգորյանին, շատ վատ էր առողջական վիճակը, օր օրի ավելի վատանում է: Քանի որ նա ժամանակին քիմիան չի ստացել եւ շաքարը բարձրանում է, հիվանդությունները զարգանում են: Այսօր կոնկրետ նոր խնդիրներ ուներ, եւ կրկին բժշկի ենք դիմել, որ այցելի: Սակայն կալանավայրի պայմաններում այդ ամենը կազմակերպելը մի փոքր բարդ է եւ արդյունավետ չի, միեւնույն է, հիվանդությունները զարգանում են, եւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի: Ամեն ինչ անում ենք, որ գոնե հետաձգենք այդ պահը»,- ասաց պաշտպանը:


Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն այս պահին Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելն է, ինչից հետո կանցնեն ակտիվ պաշտպանական գործողությունների:

«Մեզ այժմ պետք է, որ մարդը ողջ լինի, ես չեմ ասում առողջ, քանի որ առողջ այլեւս չի լինի: Դրանից հետո միայն կանցնենք ակտիվ պաշտպանական գործողությունների»,- ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա այն վարույթ չի ընդունվել: Իրենք նաեւ մի շարք միջնորդություններ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն:

Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, նա գործով ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:

ԱԺ-ն բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետեւ 77 կողմ, 3 դեմ ձայով զրկել նրան անձեռնմխելիությունից:

Հուլիսի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն քվեարկությամբ Մանվել Գրիգորյանին զրկել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: