ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2018թ. առաջին կիսամյակի արդյունքներով առաջատար է ‹‹Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ›› ՓԲ ընկերությունը, որը տևական ընդմիջումից հետո կրկին գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը: Ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում 24.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր է մուծել, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում մուծվածը (նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ 9,8 մլրդ, իսկ 2017թ. կտրվածքով՝ 18.7 միլիարդ դրամ):

Ընկերության հաջողության գրավականի, աշխատատեղերի ավելացման ու աշխատավարձերի բարձրացման և իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին է զրույցը ‹‹Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ›› ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ:

 - Պարո՛ն Պոլոսկով, ինչպե՞ս կբացատրեք խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորելու փաստը: Ո՞րն է ընկերության հաջողության բանաձևը։

- Առաջին հերթին ասեմ, որ մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել երկրի խոշոր հարկատուների ցանկը և առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսությունում:

Ինչ վերաբերում է հաջողության բանաձևին, ապա ամեն ինչ շատ պարզ է. մեր բոլոր հաջողությունների հիմքում մեր բազմահազարանոց կոլեկտիվի ամենօրյա աշխատանքն է, մեր գործին և հայրենիքին անմնացորդ նվիրումը:

Նյութի աղբյուրը՝ zangezur.tv

Իսկ եթե բացենք այս բանաձևը, ապա նշեմ, որ ԶՊՄԿ կայուն զարգացման նախադրյալներից է տնտեսության համաշխարհային ճգնաժամի տարիներին ակտիվ ներդրումային քաղաքականություն վարելը, ինչն էլ հնարավորություն տվեց ոչ միայն պահպանել, այլև ընդլայնել արտադրության ծավալները:

Իհարկե, մեր ոլորտի համար չափազանց կարևոր է համաշխարհային շուկայում մետաղների գների դրական դինամիկան: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները գործ ունեն բավականին «աղքատ» պաշարների արդյունահանման հետ, քանի որ Հայաստանում պղնձի և ոսկու հանքավայրերը համեմատաբար ցածր պարունակություն ունեն աշխարհի այլ հանքերի համեմատությամբ, ինչը հանգեցնում է նրան, որ մետաղների գների անկման հետևանքով շատ արագ հասնում ենք ինքնարժեքի շեմին և նույնիսկ հատում ենք այն, բայց միաժամանակ, երբ դրանք բարձրանում են, մեծ ծավալի արտադրության դեպքում շատ արագ շոշափելի արդյունք են տալիս, այդ թվում նաև ընկերությունների հարկային պարտավորությունների գծով:

Եթե ամփոփենք, վերջին տարիների համեմատ աննախադեպ հարկ վճարելը հիմնականում պայմանավորված է ներդրումային գրագետ քաղաքականությամբ, տնտեսության վարման ոչ ստանդարտ լուծումներով, ֆինանսական նոր գործիքների կիրառմամբ, արտադրական ծավալների շարունակական աճով, նյութական միջոցների արդյունավետ օգտագործմամբ և մետաղների գների դրական դինամիկայով:

- Այս ժամանակահատվածում Ձեր ընկերությունում նկատվում է նաև աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ավելացման միտում: Արդյո՞ք սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, թե՞ ինչ-որ առումով պայմանավորված է նաև տարածաշրջանի բնակչության սոցիալական պայմանները բարելավելու ազնիվ մղումով:

- Ասեմ, որ ձեռնարկությունը կենդանի օրգանիզմ է, որի առողջության պահպանումը պահանջում է անընդհատ թարմ ներհոսք: Մեր մեծ տնտեսությունը և առաջին հերթին արտադրական պրոցեսները ավելի արդյունավետ կառավարելու հրամայականը պահանջում է նոր մասնագետների և կադրերի համալրում: Սա հարցի օբյեկտիվ կողմն է:

Սակայն գաղտնիք չէ նաև, որ մենք գործուն ջանքեր ենք գործադրում մեր մարզում առկա սոցիալական խնդիրների մի մասը վերցնել ընկերության ուսերին: Եվ հենց տնտեսության արդյունավետ կառավարումն է նման հնարավորություն ընձեռում:

Սակայն նշեմ նաև, որ մեր և անկախ փորձագետների դիտարկմամբ այս պահին կոմբինատը աշխատատեղերի առումով գերհագեցած է և առանց արտադրության ծավալների էական ավելացման հնարավոր չէ խոսել աշխատատեղերի հավելյալ աճի մասին:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա այն նույնպես ընկերության կողմից վարվող քաղաքականության արդյունք է:

Մեր համոզմամբ՝ ընկերության յուրաքանչյուր աշխատակից պետք է վարձատրվի իր ստանձնած պատասխանատվությանը և աշխատանքի բարդությանը համապատասխան՝ սանդղակի առավելագույն ցուցանիշով, անկախ նրանից, թե նմանատիպ աշխատանքը աշխատաշուկայում որքան է գնահատվում:

Միանշանակ կարող եմ արձանագրել, որ վերջին տարիներին էականորեն մեծացել է «ԶՊՄԿ»-ի աշխատավարձային ֆոնդը, որպես ապացույց նշեմ միայն, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 18 %-ով:

Մեզ համար անընդունելի է, որ մեր ընկերության բարձր որակավորում ունեցող աշխատակիցն իր ընտանիքի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար զբաղվի նաև այլ գործունեությամբ, ինչպես եղել է տարիներ առաջ:

Շարունակական բարձրացող արժանապատիվ աշխատավարձը, ժամանակին տրվող հավելավճարներն ու պարգևավճարները իհարկե շատ կարևոր են, սակայն միևնույն ժամանակ մենք հետևողականորեն շարունակում ենք գործել մեր որդեգրած սոցիալական պատասխանատվության շրջանակներում՝ այդ պատասխանատվությունը չվերածելով լոզունգային ձևական բարեգործության: Միայն որպես օրինակ նշեմ, որ 2014-2018թթ. մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հանգիստը Վրաստանի ծովափնյա հանգստյան տներում կազմակերպելու նպատակով ընկերությունը հատկացրել է 460 մլն դրամ, և այս նախաձեռնությունը շարունակվելու է:

Որպես նորամուծություն նշեմ, որ մայիսի 31-ից ուժի մեջ է մտել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների միջև կնքված պայմանագիրը, ըստ որի՝ բոլոր այն բժշկական ծառայությունների համար, որոնք ընդգրկված չեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ցանկում կամ ներառված չեն «ԶՊՄԿ»-ի աշխատակիցների առողջության ապահովագրության մեջ, վճարում է ձեռնարկությունը:

- Խնդրում եմ համառոտ անդրադարձեք նաև Քաջարան, ինչպես նաև Կապան համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերին:

- Վերջին տարիներին մեր հարազատ Քաջարանում լայն թափով ընթանում են շինարարական և ենթակառուցվածքների նորացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներ, որոնք ընդգրկում են ճանապարհաշինություն, պուրակների և ժամանցի վայրերի կազմակերպում, լայնածավալ կանաչապատում, լուսավորության նոր համակարգի ներդրում: Քաջարանում այս տարի իրականացվող նախագծերից խոշորագույնը մշակույթի կենտրոնի հիմնանորոգումն է, որը շուտով իր հյուրընկալ դռները կբացի մեր համաքաղաքացիների առջև: Լայն թափով ընթանում են նաև արվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքները:

Ընթացքի մեջ են նաև Կապանի օդանավակայանի կառուցման աշխատանքները, որը նույնպես մեր կողմից իրականացվող խոշորագույն ծրագրերից է: Ի դեպ, ուրախությամբ նշեմ, որ մեր ինքնաթիռը օգոստոսի 10-ին կժամանի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Ինչ վերաբերում է կապանցիներին հուզող քաղաքի մշակույթի կենտրոնի վերանորոգմանը, ապա ես վերահաստատում եմ մեր ընկերության պատրաստակամությունը ամբողջ ծավալով ֆինանսավորել այդ նախագիծը: Եվ մենք արդեն իսկ դիմել ենք Կապանի համայնքապետարան՝ առաջարկելով ձևավորել աշխատանքային խումբ, որն իր եզրակացությունը կտա մշակույթի կենտրոնի ճարտարապետական հնարավոր լուծումների վերաբերյալ, և այս հարցում մենք ակնկալում ենք կապանցիների ակտիվ մասնակցությունը: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=41626&l=am