Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին: Կա՞ արդյոք երկրորդ նախագահի պաշտպանների շրջանակում սնահավատ որևէ մեկը, թե ոչ, իհարկե դժվար է ասել՝ 13-ի որոշման մասով, սակայն գործընթացը մտել է այնպիսի մի փուլ, որ խոշոր հաշվով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է ինչ որ բան փոխել նրա և նախորդ համակարգի տարբեր սուբյեկտների միջև փոխհարաբերություններում, որոնց անուններն ի դեպ նա այսպես ասած սպառնում էր տալ, քան գործի բուն ընթացքում: Աներկբա է, որ նախորդ իշխանական համակարգը գրեթե քառորդ դար ձևավորվել, ամրացել, բյուրեղացել և «ինստիտուցիոնալացվել» է երկու առանցքային հանգամանքի վրա՝ նյութական շահ և «համատեղ հանցանք»: Սրանք են եղել համակարգը սոսնձող, ցեմենտող երկու առանցքային գործոնները:

Իհարկե եղել են նաև այլ բազմաթիվ գործոնները, սակայն առանցքայինները եղել են դրանք, որոնք ցանկացած դեպքում վճռորոշ են եղել համակարգը պահելու հարցում, երբ այլ բաղադրիչների առումով ծագել են հաճախ ուղղակի անհամատեղելի թվացող տարաձայնություններ:

Ներկայումս Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումներում հենց այս գործոններն են, որ մի դեպքում թույլ, մեկ այլ դեպքում բավականին ուժեղ բերում են Քոչարյանի շուրջ մոբիլիզացիոն գործընթացի: Նախկին համակարգի բոլոր առանցքային դերակատարները պատկերացնում են, որ դոմինոյի էֆեկտը գրեթե անխուսափելի է: Բայց այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց: ԸՆդհանուր վախը աներկբայորեն բերելու է հավաքակա՞ն պաշտպանության շուրջ մտորումների և քայլերի, թե՞ այդուհանդերձ հավանական է նաև անհատական պաշտպանության տարբերակը, երբ յուրաքանչյուրը կփորձի այսպես ասած տեսնել իր գլխի ճարը: Ի վերջո այստեղ իրավիճակը նախորդ համակարգի ներկայացուցիչներին, առանցքային դեմքերին, որոնց վրա են կարևորագույն որոշումները, ստիպում է մտածել:

Թվում է, որ Քոչարյանի շուրջ մոբիլիզացիան և հավաքական, համատեղ պաշտպանությունը ամենաէֆեկտիվ տարբերակն է և եթե լինեն «միասնական», ապա կլինեն անկոտրում և կհաղթեն: Մյուս կողմից սակայն, առերևույթ պարզ այդ մեխանիկան իրական կյանքում զգալիորեն բարդանում է, հաշվի առնելով Հայաստանում հեղափոխական իրավիճակը: Ավելին, այստեղ արդեն Քոչարյանի շուրջ միավորվելը ստեղծում է ավելի մեծ բարդություններ: Առաջանում է բավական ծանր դիլեմա: Չմիավորվելու դեպքում մնում է սպասել, թե երբ կհասնի դոմինոն, մյուս կողմից միավորվելն ու Քոչարյանին աջակցելը ավելի է բարդացնում իրավիճակը և արժանացնում հանրային բավականին կոշտ արձագանքի: Նախանձելի իրավիճակ չէ, իհարկե: Ու անկախ այն հանգամանքից, թե այն ինչպես ենք գնահատում որպես հանրային երևույթ, ակնհայտ է, որ ունի իր ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ ծանրակշիռ օբյեկտիվ հիմքերը: Ի վերջո նախորդ համակարգը ներկայումս գործ ունի մի հանրության, կամ ավելի շուտ հանրային տրամադրության հետ, որը հենց ինքը, ոչ թե թավշյա հեղափոխությունն է վարժեցրել:

Ավելին, թավշյա հեղափոխությունը, հեղափոխության առաջնորդը իր թիմով ահռելի աշխատանք է կատարել այդ տրամադրությունները հնարավորինս ապաարմատականացնելու ուղղությամբ: Ըստ այդմ մեխանիկական «ընդդիմության» փոխարեն, թերևս առավել նպատակահարմար է խորությամբ գնահատել իրավիճակի առանձնահատկությունն ու ըստ այդմ որոշում կայացնել ելնելով այդ առանձնահատկությունից և զերծ մնալով իրավիճակի «ռեպրեսիվության» չափազանցված կամ գերագնահատված գործակիցներ սահմանելու գայթակղությունից: Դրանք բարդացնում են ոչ թե նոր իշխանության, այլ հենց սեփական վիճակը, ընդ որում Քոչարյանինն էլ հետը, թեև իհարկե հասկանալի է, որ նրա վիճակը այդ գործակիցը սահմանողներին այնքան էլ չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է այնքանով, որքանով «դոմինոյի էֆեկտի» մեջ է:

 Նյութի աղբյուրը՝1in.am