Վեոլիա ջուր ընկերության գործով ոստիկանության բացահայտումը, կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության, հնարավոր կաշառառության եւ կոռուպցիայի հետ, որն իհարկե դրա համար կասկածվողները հերքում են, տալիս է հատկանշական երկու դիտարկման առիթ:

Իհարկե անհրաժեշտ է շեշտել անմեղության կանխավարկածը, քանի դեռ որեւէ մեղադրանք ապացուցված եւ դատարանի վճռով հաստատված չէ: Այդուհանդերձ, ակնառու է նաեւ, որ հանրության գրեթե գերակշռող մասի համար հերթական գործն էլ անսպասելի կամ զարմանալի չէր: Ավելին, հանրությունը տարիներ շարունակ ոչ թե կասկածներ, այլ համոզվածություն է ունեցել Հայաստանում գնագոյացման հարցերում կոռուպցիայի առկայության առնչությամբ, մասնավորապես հանրային ծառայությունների ոլորտում:

Այդ իմաստով հնարավոր է պատկերացնել, թե ինչ մեխանիզմներ կարող են գործած լինել օրինակ գազի կամ էլեկտրաէներգիայի գնագոյացման հարցում, որը նույնպես Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող հարցերի շրջանակում է:

Օրինակ, 2015 թվականի սեպտեմբերի 17-ին Yerkir.am-ը տեղեկություն էր հրապարակել ՀԾԿՀ պետ Ռոբերտ Նազարյանին այն ժամանակ ռուսական ընկերությանը պատկանող ՀԷՑ ղեկավար Բիբինի ստորացուցիչ նվերի մասին, նշելով, թե Բիբինն այդպիսով Նազարյանին ակնարկել է, որ այլեւս չեն լինելու թանկարժեք նվերներ: Իսկ դա Էլեկտրիկ Երեւանի տարին էր, ՀԷՑ շուրջ աղմուկի տարին, երբ գժտվեցին նաեւ Բիբինն ու Նազարյանը, որովհետեւ Նազարյանը փորձեց իր վրայից հանել ՀԷՑ գրեթե ճգնաժամային վիճակի համար պատասխանատվությունը: Բիբինն ու Նազարյանը մեղադրում էին միմյանց ամեն ինչի համար:

Դրանից առաջ էլ մի առիթով, դեռեւս 2014 թվականին խորհրդարանում Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, թե ինքն ամեն ինչ տեսել է եւ մոտ է մայրամուտին ու պաշտոն չի ուզում, ինչը հարուցել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դժգոհությունը, թերեւս մտավախությամբ, որ «ամեն ինչ տեսած Նազարյանը» մի օր էլ կարող է պատմել ամեն ինչ: «Ինչ մայրամուտ, այդ ինչ եք ասում», դիտողություն էր արել Աբրահամյանը, ինչին Նազարյանը պատասխանել էր, թե՝ «ներողություն, էլ չէմ անի»:

«Մայրամուտին» Ռոբերտ Նազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նա կբացահայտի՞, ինչ տեսել է, այսպես ասած «մեղմացուցիչ հանգամանքի» համար:

Մյուս դիտարկումն առնչվում է Վեոլիա ջուր ընկերությանը: Դարձյալ հարկ է շեշտել անմեղության կանխավարկածը, մինչ դիտարկումն անելը: Իսկ խնդիրն այն է, որ Վեոլիա ջուր ընկերությունը ֆրանսիական է: Հայաստանում կա տարածված մտայնություն, որ կոռուպցիոն սխեմաներով աշխատում է Ռուսաստանը, ռուսական պետական կորպորացիաները, ընկերությունները, որոնք այստեղ ունեն հսկայական ակտիվներ:

Պարզվում է, որ՝ ոչ միայն ռուսականը: Օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց հայտարարություն, որ Հայաստանում իշխող համակարգը տարիներ շարունակ փորձել է Ռուսաստանը ներկայացնել որպես կոռուպցիայի դեմ պայքարի խոչընդոտ՝ այդպիսով իր վրայից հեռացնելով պատասխանատվությունն ու արդարացնելով կոռումպացվածությունը: Փաշինյանի հայտարության թափանցիկ տողատակը այն է, որ Հայաստանում հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ եւ վերափոխել համակարգը առանց Ռուսաստանի հետ քաղաքական բախման եւ գժտության: Նիկոլ Փաշինյանը փորձում է քայլ առ քայլ ապացուցել դա:

Միաժամանակ, Վեոլիա ջրի հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ խնդիրը իսկապես Հայաստանում է: Դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանը կոռուպցիոն մեխանիզմներով կառավարվող համակարգ չէ: Բայց, դա նշանակում է, որ Հայաստանում խնդիրն այլ է եւ կոռուպցիոն սխեմաների մեջ կարող է ներգրավված լինել ոչ միայն ռուսական կապիտալը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ բուն խնդիրը Հայաստանում ստեղծված խաղի կանոններն են եւ դրանց հանդեպ բիզնեսի վերաբերմունքը: Այլ հարց է, որ կոռուպցիոն կանոնները ավելի հոգեհարազատ կլինեն օրինակ կոռուպցիոն կառավարման սովոր ռուսական կապիտալին, հատկապես պետական ընկերություններին, եւ ավելի մեծ ներգրավվածություն կունենան նրանք, քան ասենք արեւմտյան ընկերություններ: Բայց բուն խնդիրը Հայաստանում է, Հայաստանում հաստատված խաղի կանոններում:

Միեւնույն ժամանակ, դրանց փոփոխությունն անշուշտ կարող է դժգոհություն առաջացնել այն ընկերությունների մոտ, այդ թվում՝ խոշոր ռուսական, որոնք մինչ այդ Հայաստանի հետ աշխատել են հենց այդ սկզբունքով: Բայց դա աշխատանքային խնդիր է, որը պետք է հաղթահարվի, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի իշխանության հետ ամենաբարձր մակարդակի ուղիղ շփումների միջոցով, որպեսզի չեզոքացվի այդ ընկերությունների ազդեցության փորձը, որն անկասկած կլինի:

Խնդիրն այստեղ այն չէ, որ բարձր մակարդակում ՌԴ իշխանությունը, մասնավորապես նախագահ Պուտինը բյուրեղյա մաքրության սուբյեկտ է: Խնդիրն այն է, որ տարբեր են շահերը, պատասխանատվության կառուցվածքը եւ ըստ այդմ՝ ընկալումները, ու հնարավոր է այդ մակարդակում միանգամայն հստակ բացատրել, որ երբ կոռուպցիան խժռում է Հայաստանը, զրկում ինքնիշխանությունից ու դիմադրունակությունից, Ռուսաստանի համար դա է խորքային ու լուրջ խնդիրը, ու դա ոչ թե տեսություն կամ աքսիոմա է, այլ գործնականում 2016-ի ապրիլով հաստատված իրողություն, որից անհնար է երես թեքել:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am