«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների մասին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը», դատական վերջին նիստի ժամանակ ասել էր Պավլիկ Մանուկյանը, ավելացնելով, որ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։

Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում մի քանի աղմկոտ հայտարարություններ է արել, մասնավորապես ՊՊԾ գնդի իրադարձությունների ժամանակ ոստիկանների սպանության մասով:

Պավլիկ Մանուկյանի հայտարարություններն իսկապես ուշագրավ են, եւ նա կարող է լույս սփռել մի շարք հանգամանքների վրա: Սասնա ծռերն իրենց գործողությամբ իրարամերժ գնահատականների արժանացան: Իրենք Ծռերը համարում են, որ այդ քայլով կանխեցին Արցախի հանձնումը եւ հող նախապատրաստեցին թավշյա հեղափոխության համար:

Կա հակառակ տեսակետը, որ նրանց գործողությունը ահաբեկություն էր, իր հերթին՝ Ծռերը պարտվեցին նաեւ «գաղափարապես», հենց թավշյա հեղափոխության փաստով, երբ պարզ դարձավ, որ կարելի է հաղթել նաեւ խաղաղ անհնազանդության միջոցով:

Մյուս կողմից, քաղաքականությունը, քաղաքական ակցիաները գնահատվում են արդյունքով, իսկ փաստն այն է, որ Ծռերի գործողությունը Սերժ Սարգսյանն օգտագործեց իր ծրագրերն արդեն անարգել առաջ տանելու համար, հաղթահարելով ներքին ու արտաքին դիմադրությունը:

Հարցեր շատ կան, որոնց պատասխանները հստակ չեն տրվում: Ինչո՞ւ Ծռերը մտան հենց ՊՊԾ գունդ, եւ արդյոք նախատեսված էր մնալ այնտեղ, թե՞ պետք է ինչ որ շարունակություն լիներ: Եթե պետք է լիներ, ի՞նչը խանգարեց: Ինչո՞ւ Ծռերն ամեն օր փոխում էին իրենց պահանջները, իսկ ինչ որ պահից առաջ քաշեցին ապագաղութացման թեզը, այն դեպքում, երբ նախքան այդ գործողությունը Ռուսաստանի հանդեպ իրենց դիրքորոշումը հայտարարված էր չեզոք:

Արդյոք Ծռերի գործողությունը տապալվել էր հենց ՊՊԾ գունդ մտնելով, եւ դրանով էր պայմանավորված պահանջների ու թեզերի այդ անորոշությունը: Նրանք տեղյա՞կ էին ընդհանրապես, թե ինչ պետք է լիներ:

Ներկայում Ծռերը հայտարարել են զինված պայքարի էջը փակելու, կուսակցություն հիմնելու եւ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու մասին: Սակայն այս հարցերը մնում են, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի գործողության համար բարոյական ու քաղաքական պատասխանատվության, այդ գործողության հետեւանքների ամբողջական գնահատականի հարցերը:

Կպատասխանե՞ն Ծռերն այս հարցերին: Առայժմ, միայն Պավլիկ Մանուկյանն է փորձում վերջ տալ «բուտուլիզմին»:

 Նյութի աղբյուրը` Lragir.am