Դա հստակ ուղերձ էր համապատասխան ուժերին, իսկ անունների անհրաժեշտությունը կծագի նրանից հետո, երբ այդ ուժերը շարունակեն նման գործելաոճը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ:

«Եթե հանրահավաքի ժամանակ անուններ չեն հնչել, քարոզչական քայլերի հերթականությունից ելնելով չեն ասվել, դրանք կասվեն, կիմանաք անպայման: Պարոն Փաշինյանն առանց փաստերի չի խոսում»,-հայտարարեց Արայիկ հարությունյանը:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին Էրեբունիում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ․«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,- նշել էր Փաշինյանը։