ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում: Սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է, բայց առայժմ որոշակիություն չկա: Ի պատասխան հարցին՝ հայկական կողմն արդյոք թեկնածու ունի՞, Բալայանը նշեց, որ եթե հստակություն մտցվի փոխարինման եւ ժամկետների վերաբերյալ, Հայաստանը կառաջադրի իր թեկնածուին: «Սակայն առայժմ հստակություն չկա: Նման նախադեպ չի եղել: Հիմա որոշվում է, թե ինչ սկզբունքով է իրականացվելու ռոտացիան»,- պարզաբանեց Տիգրան Բալայանը:


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ռոտացիայի սկզբունքով 3 տարի ժամկետով գլխավոր քարտուղար են նշանակվում անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարել է ժամկետի կեսից պակաս: Հայաստանի իշխանությունները նրան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցության մեղադրանք են առաջադրել: