Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում գալա համերգի եզրափակիչ մասը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, գագաթնաժողովի անցկացման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վահան Մելիքյանը։

«Ամբողջ ազգն է սգում»,–շեշտեց Մելիքյանը՝ խոսելով աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին։


Գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 11-ին նախատեսված է գալա համերգ անցկացնել. «Համերգը կոնցեպտուալ նոր լուծումներ է ստացել՝ հին Հայաստանից մինչեւ մեր օրեր։ Այն 3 մասից բաղկացած կլինի։ Վերջին հատվածը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին։ Նախատեսվում էր, որ մաեստրոն եւս պետք է ներկա լիներ համերգին։ Մենք կպահպանենք այդ հատվածը եւ ավելի մեծ շեշտադրությամբ կնվիրենք Ազնավուրին»,–հայտնեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ուղիղ կապի մեջ է Ելիսեյան պալատի հետ. «Բացառված չէ, որ համերգին կցանկանան մանսակցել աշխարհահռչակ աստղեր»։ Համերգի մուտքն ազատ է։