Ռուսաստանը չդիմացավ եւ ուղիղ մեղադրեց ԱՄՆ-ին Հայաստանում հեղափոխություն նախաձեռնելու մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունները: Զախարովայի խոսքով, դեսպանն ասել է, որ ԱՄՆ դեսպանատունը տասնամյակներ շարունակ նպատակաուղղված աջակցել է Հայաստանի հասարակության որոշ խմբերի եւ Հայաստանում կառավարության որոշ ներկայացուցիչների:

Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց դույզն ինչ քաշվելու, ավելին՝ հպարտությամբ», ասել է Զախարովան:

Ապրիլյան հեղափոխությունից հետո ռուսական լրատվամիջոցներում, ռուսամետ փորձագետների ու ագենտուրայի շրջանում շրջանառվում էր այն կարծիքը, որ հայկական հեղափոխության առանցքային անձինք են նրանք, ում ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանատունը: Դա պաշտոնական մակարդակով չի հայտարարվել, բայց Վաշինգտոնին բազմիցս անուղղակի մեղադրել են դրանում: Հատկանշական է, որ ադրբեջանական լրաատվամիջոցները եւ Հայաստանում հակահեղափոխական անվանվող մարդիկ կրկնում էին նույն միտքը:

Ռուսաստանը պաշտոնական մակարդակում դժգոհություն է հայտնել որոշ դեպքերի առնչությամբ, մասնավորապես Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է Հայաստանի ԱԳՆ ոչ պրոֆեսիոնալության մասին: Հետաքրքիր է՝ իսկ սա Հայաստանի գործերին Մոսկվայի միջամտության փորձ չէ՞ր:

Այն ժամանակ ռուսական թերթերը գրում էին, որ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին առանց Մոսկվայի հետ խորհրդակցելու:

Որոշ ժամանակ անց ամերիկյան շրջանակներին մոտ համարվող Խաառատյանն անսպասելի հրաժարական տվեց, եւ դա մի շարք շրջանակներում գնահատվեց որպես Ռուսաստանի պահանջի կատարում:

Հնարավոր է, այլ պահանջներ էլ կային: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովն ազատ են արձակվել նույնպես Ռուսաստանի ազդեցության շնորհիվ: ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի ձայնագրությունում Վանեցյանն ասում է, որ Մոսկվայում մտահոգված են Հայաստանում աղմկոտ ձերբակալությունների կապակցությամբ:

Հատկանշական է, որ Զախարովայի աղմկոտ հայտարարությունը հնչում է հիմա, երբ Հայաստանում արդեն որոշվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, խորհրդարանը պետք է լուծարվի, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, եւ Ռուսաստանը Հայաստանի ապագա իշխանության մեջ իր շահերի պաշտպան է փնտրում:

Արդյոք Զախարովայի հայտարարությունը վկայում է Մոսկվայի որոշակի ակտիվ գործողությունների մասին:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների, եւ դատելով ընդհանուր հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել այս օրերին չթուլացնել, այլ ուժեղացնել զգոնությունը սահմանին:

Եթե Զախարովայի հայտարարությունը Հայաստանի հանդեպ Ռուսաստանի նոր քաղաքականության անոնսն է, ապա դա անհարգալի վերաբերմունքի նշան է հայ ժողովրդի կամքի հանդեպ, որի ընտրությունն են հեղափոխությունն ու ժողովրդավարությունը:

Ի դեպ, Զախարովան մեջբերել է ԱՄՆ դեսպան Միլզի խոսքը, ով ասել է, որ «վերջերս հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառը զուտ ներքին էին»: Նա նաեւ նշել է փոփոխությունների հարցում հայ ժողովրդի կամքի անբեկանելիությունը:

Ինքը Զախարովան հեղափոխության օրերին Հայաստանում կատարվողը բնորոշել էր Աստծո կամք:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am