Ալավերդու պնձաձուլական գործարանի շուրջ 630 աշխատակիցներ սպասում են երկուշաբթի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջեւ կայանալիք հանդիպմանը՝ հասկանալու համար, թե ինչ է լինում գործարանի ճակատագիրը։

NEWS.am-ի հետ զրույցում «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը պատմեց, որ նախօրեին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու խոստացել, որ Կառավարությունը փորձում է լուծում տալ խնդրին։ Նշենք, որ գործարանի ղեկավարությունն օրեր առաջ, առանց նախապես աշխատողների զգուշացնելու, հայտարարել է՝ գործարանը տեխնիկապես չի աշխատում։

«Աշխատակիցները լիարժեք տեղեկացված չեն՝ ինչն է խնդիրը։ Երկու խնդիր կա՝ բնապահպանական եւ ֆինանսական, այսինքն որ գործարանն անցնում է ՎՏԲ բանկին։ Թե հիմա որ խնդրի պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները, պարզ չէ։ Գործատուներն էլ տեղում հստակ չեն ասում»,– ասաց նա։

Օլեգ Դուլգարյանը նշեց, որ սեպտեմբերին աշխատակիցները լսել էին, որ կան բնապահպանական խնդիրներ, սակայն, ոչ ոք իրենց չի ասել, թե գործարանը չի աշխատելու. «Հոկտեմբերի 1–ին հանրային լսման ժամանակ ես հարց եմ ուղղել գործարանի սեփականատերերին, թե արդյոք հնարավոր է գործարանն անցնի ՎՏԲ բանկին, իրենք բացասական պատասխան են տվել։ Հոկտեմբերի 8–ին արդեն վտանգ կար, որ ՎՏԲ–ին է անցնելու գործարանը։ Այսինքն, աշխատողները մի քանի օր առաջ են իմացել, որ գործարանը չի աշխատելու»։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Գործարանի փակվելու դեպքում 630 մարդ կմնա առանց աշխատանքի: