ՀՀԿ համար էական նշանակություն չունի ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգը, խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխության տապալումից հետո բավական հաճախ է հնչում գնահատականը, որ ՀՀԿ-ն տապալեց փոփոխությունը, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը պահպանվի եւ այդպիսով կարողանա օգտագործել թաղային ռեսուրսը եւ ձայն հավաքել, խորհրդարան անցնելու համար:

Առերեւույթ դա ճիշտ գնահատական է, որն արտացոլում է խնդիրը: Խորքում սակայն դա քիչ կապ ունի խնդրի հետ եւ ավելի շուտ նախապաշարում է, քան իրականություն:

Վահրամ Բաղդասարյանն անկեղծ է՝ ՀՀԿ համար ընտրակարգը նշանակություն չունի: ՀՀԿ համար նշանակություն ունի օրինականությունն ու ապօրինությունը: Ռեյտինգային ընտրակարգը չէ, որ ձայն է ապահովել ՀՀԿ համար 2017 թվականին: ՀՀԿ համար 2017 թվականին, եւ դրանից առաջ, ու ընդհանրապես Հայաստանում 1995 թվականից սկսած գործող իշխանության վերարտադրությունն ապահովել է անօրինականությունը:

Ընտրակարգը պարզապես հարմարեցվել է, ըստ նպատակահարմարության, հնարավորինս անաղմուկ ապօրինություն ստանալուն: Ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ համար աշխատել է բացառապես իրավապահ համակարգի չաշխատելու շնորհիվ:

Խնդիրը հստակ է՝ կամ աշխատում է իրավապահ համակարգը, կամ ռեյտինգային ընտրակարգը: Ընդ որում, ռեյտինգային ընտրակարգը այս դեպքում նաեւ պայմանական, ընդհանրական հասկացություն է, որ ներառում է պարզապես տեղային ֆինանսա-կրիմինալ եւ վարչա-հրամայական ռեսուրսը: Այդպիսով, կամ աշխատում է իրավապահ համակարգը, կամ աշխատում է այդ ռեսուրսը: Իսկ եթե այդ ռեսուրսը աշխատում է, այլեւս սկզբունքային նշանակություն չունի՝ աշխատում է ռեյտինգային, թե այլ ընտրակարգով:

Ի վերջո, ռեյտինգային ընտրակարգի ներմուծումը ուներ զուտ ներհհկական մոտիվացիան բարձրացնելու, միաժամանակ այսպես ասած «արդարացիորեն բաժանելու» նպատակ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ռեսուրսային ճգնաժամում եւ բաժանարար գծերի սարդոստայնում հայտնված լինելով, բավական դժվար կացության առաջ էր՝ սահմանել, թե ով է անցնելու խորհրդարան, իսկ ով՝ ոչ: Մինչդեռ ակնհայտ էր, որ ծախսել ստիպված են լինելու բոլորը: Բայց դա էլ ավելի կխորացներ ներքին ճգնաժամն ու կհասունացներ դժգոհությունը Սարգսյանից: Ըստ այդմ, անաղմուկ մեխանիզմի խնդրին զուգահեռ, ռեյտինգային ընտրակարգով Սերժ Սարգսյանը լուծում էր նաեւ ՀՀԿ ներսում մանդատների անաղմուկ եւ արդարացի բաժանման խնդիր՝ մրցեք իրար հետ եւ հաղթողը թող վերցնի մանդատը:

Դա էր ռեյտինգայինը, որովհետեւ թաղային քրեա-վարչական-ֆինանսական ռեսուրսը աշխատել է բոլոր ընտրություններում, անկախ ընտրակարգից, եւ անկախ նաեւ առաջադրվողից: Դիցուք, եթե իքս հեղինակությունը առաջադրվել է, իսկ իգրեկը՝ ոչ, դա դեռ չի նշանակում, որ իքսի ռեսուրսը գործի դրվել է, իսկ իգրեկինը՝ ոչ: Աշխատել է բոլորի ռեսուրսը հավասարաչափ, պարզապես իշխանությունը եղել է ավելի ուժեղ եւ աշխատել է վերեւից մանդատների բաշխման վարչահրամայական մեխանիզմը:

Հետո սակայն իշխանությունը մի շարք հանգամանքների բերումով բավական թուլացել էր եւ ուներ ներքին արդարացի մրցակցության մեխանիզմների կարիք, որն էլ ռեյտինգային ընտրակարգն էր:

Իրականում մնացյալ բանավեճը սկզբունքային, վճռորոշ հանգամանքի են հասցրել քաղաքական ուժերը, որոնք դրանով փորձում են արդարացնել արդեն իրենց քաղաքական սնանկությունն ու անմրցունակությունը:

Որովհետեւ, նոր իրավիճակում իշխանությունն ապահովում է ընտրության օրինականությունը, իրավապահները աշխատում են եւ ըստ այդմ գնդակը հայտնվում է մասնակից ուժերի դաշտում: Նրանք կարո՞ղ են խաղարկել այդ գնդակը այնպես, որ հասարակությունը «ծափահարի», թե՞ փնտրում են ալիբի՝ ընտրակարգի տեսքով:

Մյուս կողմից, Հայաստանում հանրային-քաղաքական կյանքում բավական բարձր է սարսափի ռեյտինգը՝ ռեյտինգային երեւույթ է սարսափը, երբ քաղաքական կամ հանրային գործունեությունը կառուցվում է հանրությանն ինչ որ վերահաս վտանգից այս կամ այն կերպ ահաբեկելու տրամաբանության վրա: Դա պատասխանատվության առավելագույն ցածր աստիճան ենթադրող իրավիճակ է, եւ այդ տեսակետից բավական անվնաս ու հարմար:

Նյութի աղբյուրը՝ lragir.am