Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն արել է հերթական ֆեյսբուքյան գրառումը, որտեղ հարց է տալիս, թե արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու ՀՀԿ քայլի պատասխանը պետք է լիներ լյուստրացիան կամ նախկինների թշնամի կերպարի կերտումը, սեփականության վերաբաշխումը:

Վիգեն Սարգսյանը վերջին օրերին աշխուժացել է Ֆեյսբուքում, ոչ միայն գրառումների, այլ նաեւ իր էջի վճարովի գովազդի տարածումով: Դա թերեւս պայմանավորված է նախընտրական շրջանով, քանի որ ՀՀԿ-ն կարծես թե մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, իսկ Վիգեն Սարգսյանն էլ ցուցակը գլխավորելու հավակնորդ է:

Ամբողջ հարցը սակայն այն է, որ Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան ակտիվությամբ աշխատում է ոչ թե ՀՀԿ-ի համար, այլ ՀՀԿ-ի դեմ: Համենայն դեպս, նրա գրառումները ավելի շուտ ծառայում են ՀՀԿ վերաթիրախավորմանը, քան վերանորոգմանը: Այդ գրառումների բովանդակությունը հուշում է, որ ՀՀԿ-ն ոչ միայն չի արել իր իշխանության հետեւանքի լուրջ վերագնահատում եւ եզրահանգումներ, այլ հակառակը՝ շարունակում է մնալ իրականության նենգափոխման տրամաբանության մեջ:

Օրինակ, Վիգեն Սարգսյանի գրառումը՝ իշխանությունը անցնցում հանձնելու եւ դրա պատասխանի մասին, այլ բան չէ, քան իրականության նենգափոխում:

ՀՀԿ-ն, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը, իշխանությունը հանձնեց անցնցում: Վիգեն Սարգսյանը որպես պաշտպանության նախարար կարող էր դրանում ունենալ ընդհուպ պատմական դերակատարում, ինչին, ի դեպ, զգալիորեն մոտեցավ Վովա Գասպարյանը, որն այդ օրերին արեց մի քանի ուշագրավ հայտարարություն, հստակ ակնարկելով, որ ոստիկանությունը չի ներքաշվի հանրային գործընթացին դիմադրելու որեւէ քայլի մեջ: Վիգեն Սարգսյանը, ի տարբերություն դրա, թավշյա հեղափոխության գործընթացում փորձում էր սահմանի լարվածության հանգամանքը դարձնել թավշյա հեղափոխության դեմ տեղեկատվական շահարկումների գործիք, լարելով իրավիճակն ու ընդհուպ անուղղակի «օգնություն» ակնկալելով սահմանից անդին:

Իշխող համակարգը այդ օրերին գործնականում ներսում ենթարկվեց պայմանական բաժանման՝ սեգմենտ, որը դիտարկում էր սահուն, անցնցում հանձնման տարբերակը, եւ սեգմենտ, որը համոզված էր, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ սահուն փոխանցես: Վիգեն Սարգսյանը, համենայն դեպս իր մի քանի քայլերի վկայությամբ, ավելի շուտ երկրորդ բաժնում էր, որոնք այդքան էլ կողմնակից չէին «ճամպրուկը» հանձնելուն:

Բայց խոշոր հաշվով խնդիրը դա չէ, կամ միայն դա չէ: Ի վերջո, անցնցում հանձնումը ցնցումային դաշտ բերելու քայլեր անում էր հենց հեռացող իշխանությունը, կամ դրա որոշ սեգմենտներ, որոնք պարտությունը արժանապատվորեն ընդունելու փոխարեն, անում էին քայլեր, որոնք սրում էին իրավիճակն ու գրգռում հանրության նյարդերը:

Վիգեն Սարգսյանը խոսում է լյուստրացիայի եւ սեփականության վերաբաշխման մասին, նախկինների թշնամի կերպարի կերտման անթույլատրելիության մասին, այն դեպքում, երբ նախկին իշխանության տարբեր սեգմենտներ հենց իրենց գործողություններով ու քայլերով, իրավիճակի, տեղի ունեցածի խորքային գնահատման փոխարեն մակերեսային ընդդիմադրությամբ են իրենք իրենց դարձնում հանրության «թշնամի»:

Եթե հանրությունն իսկապես դիտարկեր նախկին իշխանությանը որպես թշնամի , ապա Սարգսյանը կարող է հավատացած լինել, որ լյուստրացիան եւ սեփականության վերաբաշխումը կարող էին լինել ուղղակի սիրո ու հանդուրժողության օրինակ, այն հնարավոր քայլերի համեմատությամբ, որ հանրությունը կաներ նախկին իշխանության հանդեպ կամ կպահանջեր անել նոր իշխանությունից:

Ավելին, եթե նոր իշխանության օրակարգում դրվեր այդպիսի հարց, որպես նպատակ կամ առաջնահերթություն, ապա դույզն իսկ ջանք չէր պահանջվի ստանալ այդպիսի գործողությունների հասարակական պահանջ՝ որպես քայլերի հիմք: Հոկտեմբերի 2-ին թերեւս բոլորը համոզվեցին դրանում:

Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը արտահայտել է ոչ թե այն, ինչին դեմ է, այլ այն, ինչ կցանկանար՝ զոհի ընդգծված կերպարում հայտնվելու համար, որովհետեւ առայժմ դա չի ստացվում ոչ մի կերպ, եւ որքան արվում է փորձ, այդքան առավել ակնառու է դառնում, թե ինչպես է պետությունը զոհաբերված եղել ՀՀԿ իշխանությանը

Բայց եթե նրա ցանկությունը ՀՀԿ-ն ավելորդ թիրախավորելը չէ՝ գուցե կուսակցության ներսում ինչ որ թեւերի կամ սեգմենտների հետ հարցեր լուծելու համար, կամ Սերժ Սարգսյանի հետ իշխանությունը հանձնելու համար ինչ որ հարաբերություններ պարզելը չէ, ապա գուցե պետք է դադարեցնել ֆեյսբուքյան ակտիվությունը, հարազատ կուսակցությանն ավելի բարդ վիճակում չդնելու համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am