Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որը փաստորեն առաջինն էր թավշյա հեղափոխությունից հետո, հանգանակել է 11 միլիոն 100 հազար դոլարից փոքր ինչ ավելի փող: Հանգանակության արդյունքը հիմնադրամի այսպես ասած «միջինի» շրջանակում է: Այստեղ վերաբերմունքը հավասարազոր է բաժակը կիսով չափ լի, թե դատարկ լինելու հայտնի հարցադրմանը:

Մի կողմից համարվում է, որ նոր իշխանության, նոր իրավիճակի եւ հանրային ոգեւորության պայմաններում արդյունքը պետք է լիներ շատ ավելին, մյուս կողմից էլ միամիտ է կարծել, թե թավշյա հեղափոխությունն ինքնին մեքենայորեն պետք է բերեր բարձր արդյունքի:

Իրավիճակը պահանջում է հիմնադրամի առնչությամբ լուրջ վերափոխումներ: Մինչդեռ կասկածից վեր է, որ դա պահանջում է երկար ժամանակ, որը հիմնադրամի նոր ղեկավարությունը ունենալ չէր կարող՝ մի քանի ամիսը բավարար չէ այդ մեծ վերափոխումների համար, եւ այդ ամիսները նոր ղեկավարությունն օգտագործել էր առաջիկա հեռուստամարաթոնը պատշաճ կազմակերպելու եւ թե հանգանակության արդյունքի, թե ընդհանրապես հիմնադրամ-համայն հայություն կոմունիկացիայի մակարդակը պահպանելու համար:

Այդ իմաստով, հանգանակություն 2018-ի արդյունքը ամենեւին անկում կամ անհաջողություն չէ, եւ հակառակը՝ հիմնադրամի նոր ղեկավարությանը հաջողվել է տիրապետել այդ բարդ մեխանիզմին ու ապահովել, որ տեղի չունենա որեւէ անկում:

Ինքնին արդյունքի կառուցվածքը առանձին եւ հանգամանալից քննարկման առարկա է, հատկապես, որ վերջին տասնամյակում այդ առումով եղան բավական դինամիկ գործընթացներ: Օրինակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հիմնականում արեւմտյան հայկական կապիտալի վրա հենված գործընթացը Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին տեղափոխվեց դեպի ռուսահայ խոշոր կապիտալ, առավելապես պայմանավորված թերեւս հայաստանյան ներքաղաքական տրանսֆորմացիաներով:

Ի վերջո, հարկ է այդ իմաստով արձանագրել, որ 2008-ին ընդառաջ իշխող համակարգի ներսում դիտարկվում էր ժառանգորդի երկու տարբերակ՝ Քոչարյանի մտադրությունը Վարդան Օսկանյանի առումով, եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն ու անձնական հավակնությունը:

Սարգսյանի նախագահության ընթացքում սակայն ռուսահայ կապիտալի հետաքրքրությունն էլ նվազեց, թերեւս դարձյալ ներքաղաքական իրողություններով պրոյեկցված:

Այս հանգամանքները սակայն իրականում հուշում են հիմնադրամի խորքային խնդիրների մասին, այն մասին, որ կառույցն ունի իսկապես գաղափարական, գաղափարախոսական լրջագույն վերափոխման կարիք: Եթե այն իր ստեղծման հիմքում ունեցել է գաղափարախոսություն, ապա այսօր այն բացարձակապես կորած է կամ նենգափոխված: Մյուս կողմից, չկա վերադարձի կամ կորած արմատի փնտրտուքի կարիք, հատկապես որ այդքան էլ համոզիչ չէ այն, որ գաղափարական, գաղափարախոսական հիմք կամ արմատ հիմնադրամն ունեցել է:

Կա նոր աշխարհի եւ նոր Հայաստանի իրողությունների պայմաններում նոր հենք ձեւավորելու եւ առաջ նայելու անհրաժեշտություն, որպեսզի հիմնադրամի գործունեությունը վեր լինի որեւէ տնտեսա-քաղաքական տրանսֆորմացիաների, մրցակցության հարթությունից, միաժամանակ նաեւ կարողանա այդ հարթություններում մրցակցության բոլոր մասնակիցներին ներգրավված պահել իր շրջանակ՝ անկախ միմյանց հետ հարցերից:

Միաժամանակ, կա խնդիր այդ շրջանակում պահել նաեւ այսպես ասած ոչ խոշոր կապիտալին, եթե հնարավոր է ասել՝ «շարքային» կամ «փոքր ու միջին» սփյուռքին:

Այս ամենն իհարկե ենթադրում է ահռելի բազմազանություն, ըստ այդմ լրջագույն աշխատանք ընդհանուր կետի եւ հենքի մշակման ուղղությամբ:

Այստեղ թերեւս պետք է լինի Արցախը, եւ դա անփոխարինելի է որպես գաղափարախոսական կորիզ: Ընդ որում, խնդիրն ամենեւին բարոյական կամ զգայական դաշտում չէ, այլ շատ պրագմատիկ անհրաժեշտության: Հայկական համաշխարհային սուբյեկտությունը՝ թե հայկական պետության, թե աշխարհում սփռված հայկական գործոնի առումով, ներկայում ապահովում է Արցախը: Արցախը հայկական գործոնը համաշխարհային կյանքում զոհի կերպարից դուրս է բերել քաղաքական այլ մակարդակ:

Իսկ համահայկական հանգանակության մեխանիզմը, դրա հիմքում եղած գաղափարախոսությունը եւ ռազմավարական նպատակադրումը չեն կարող լինել համաշխարհային քաղաքականությունից եւ դրանում հայկական պետականության դերից ու հեռանկարներից կտրված, կամ ավելին՝ չեն կարող չլինել այդ խնդիրներից չհղված: Եվ այդ առումով հայկական պետականությունը՝ արցախյան գործոնի հիմքով, առարկայական գործիք է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների համար, այլ նաեւ Հայաստանից դուրս ապրող միլոնավոր հայրենակիցների:

Այդ մասին պարզապես պետք է ծավալել համահայկական լուրջ խոսակցություն, եւ ամենեւին ոչ տարին մեկ անգամ, այլ անընդհատ, ձեւավորելու համար Հայաստան համահայկական հիմնադրամի նոր գաղափարախոսական հենքը, ավելի բարձր արդյունավետության ռազմավարական խնդիր:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am