«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է... 7 տոկոսով:

Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենեւին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700–2800 դրամից 3800–4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ:


Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաեւ նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար: Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է: