Արարատի մարզում, նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել եւ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ այդ պահին նշված հատվածով կանչի վայրից Վեդիի հիվանդանոց մեկնելիս են եղել նշված հիվանդանոցի բժիշկները, որոնք վտանգելով իրենց կյանքը, քանի որ կար վտանգ, որ հնարավոր է՝ ավտոմեքենայի գազաբալոնը պայթեր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, նրա կնոջն ու 2 երեխաներին, որից հետո տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն:


Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները կարողացել են կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն:

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորներից 3-ին տեղափոխում են Երեւան՝ Այրվածքաբանության կենտրոն: Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է մինչեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները կվերանորոգեն գազախողովակի հենասյունը: