Տարերային աղետների դեմ պայքարում բոլորը պետք է համախմբվեն: Այս մասին «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ եւ հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը:

Շոմբի Շարպն ընդգծեց, որ տարերային աղետները սպառնալքի են կայուն զարգացման համար: Միայն անցյալ տարվա ընթացքում աշխարհում կորուստները կազմել են 330 մլրդ դոլար եւ ավելի քան 10 հազար զոհ:


«Որպես Լոս Անջելեսի բնակիչ, կարող եմ ասել, որ Քալիֆորնիայի բնակիչները երկրաշարժի մշտական զգացողության մեջ են ապրում: Ես ինքս փոքր տարիքում վերապրել եմ Սան Ֆերնանդոյի երկրաշարժը եւ այդ իրադարձությունը պատճառ դարձավ, որ ընտանիքով որոշենք տեղափոխվել»,-ասաց Շարպը:

Նա նշեց, որ դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանը կհիշի Սպիտակի երկրաշարժի զոհերին. 25 հազար զոհ եւ 1,5 միլոիոն անօթեւաններ:

«Պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդքան շատ զոհերից հնարավոր էր խուսափել, իսկ պատճառը գիտելիքների եւ գիտական հետազոտությունների պակասն էր:

Իմ հարազատ Քալիֆորնիայում Սպիտակի երկրաշարժից 10 ամիս անց գրեթե նույն ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: 70 մարդ մահացավ: Ճիշտ է՝ տարբերություն կար. էպիկենտրոնը քաղաքի կենտրոնում չէր եւ օրվա այլ ժամ էր: Բայց իրական պատճառը բնակելի եւ հասարարկակն նշանակության շենքերի ամրության ցածր աստիճանն էր», -ասաց նա:

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց ՄԱԿ-ի գրասենյակի եւ ԱԻՆ-ի եւ այլ կառույցների հետ մշտական համագործակցության կարեւորությունը տարերային աղետների հետեւանքների կրճատման հարցում:

«ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել եւ հնարավորինս աջակցել Հայաստանի կառավարությանը օրենսդրության եւ ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ», - ասաց Շոմբի Շարփը:

Նշենք, որ մի շարք երկրների փորձագետների մասնակցությամբ համաժողովը զուգահեռ կկայանա մի քանի թեմաներով: Համաժողովը կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը: Նրա մասնակիցները մտադիր են այցելել երկրաշարժի էպիկենտրոն: