«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը:

Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաեւ, այսպես ասած, ընթացիկ դեպքեր եւս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3–ին Լոռու մարզի ոստիկանները Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաեւ Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Այս գործընթացին նախորդել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այցը Լոռու մարզ: Նույն աղբյուրի պնդմամբ, բերման ենթարկվածների թվում են ՀԷՑ–ի եւ «Գազպրոմ Արմենիայի» տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ:

Նշենք, որ «Գազպրոմի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է: Իսկ ՀԷՑ–ն, ինչպես գիտենք, պատկանում է Սամվել Կարապետյանին, որը նաեւ բավական ազդեցիկ է Լոռու մարզում, իսկ ՀԷՑ-ի՝ նաեւ մարզային գրասենյակի ղեկավարներն են նրա անմիջական «թիմից»: