Երեկ Հանրային հեռուստաընկերությունում կայացավ առաջին մեծ նախընտրական բանավեճը, որին մասնակցեցին նախընտրական ցուցակների առաջին համարները: Բանավեճը հաջողված էր այն առումով, որ ընտրողը կարող էր հասկանալ առանցքային հարցերում քաղաքական ուժերի մոտեցումները:

Հայաստանի քաղաքականության հիմնարար հարցերից մեկը շարունակում է մնալ արցախյան խնդիրը, եւ քաղաքական ուժերը սկզբունքորեն ոչ մի նոր բան չեն առաջարկում: Ներկապնակն առաջվանն է՝ ՀՀԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը խոսում են բանակցությունների շարունակման եւ միաժամանակ Ռուսաստանի օգնությամբ անվտանգության ամրապնդման մասին, Սասնա ծռերն առաջարկում է Հայաստանում եւ Արցախում վերամիավորման հանրաքվե անցկացնել, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի պատրաստում «վաճառել» Արցախը, իսկ Լեւոն Շիրինյանն առաջարկում է վերադառնալ ապագաղութացման մասին միջազգային կոնվենցիաներին:

Գլխավորը սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, Գագիկ Ծառուկյանն է ասել: Նա հայտարարել է, որ արցախյան հարցը պետք չի լուծել, այն արդեն լուծված է եւ պետք է միայն միջազգային ճանաչման հասնել:

Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականությունից իր ողջ հեռավորությամբ հանդերձ, ինչն ինքն է խոստովանում, ինտուիտիվ հասկանում է, որ արցախյան հարցը (առհասարակ հայկական հարցը) իրավունքի հարց է: Ոչ ոք չի կարող որոշել՝ արդյոք մենք իրավունք ունենք ապրել մեր հողի վրա ու պետություն կառուցել: Դա միայն ժողովուրդը կարող է: Այն արդեն արել է իր ընտրությունը, եւ հասկանալի չէ, թե հիմա ինչ ենք քննարկում:

Այս մոտեցման հակառակորդներն ասում են, որ նախկին տրամաբանությամբ բանակցություններից հրաժարվելը պատերազմ է նշանակում, չնայած հենց այդ մոտեցումն է Ադրբեջանին պատերազմի իրավունքով օժտում: Անգամ միջնորդ երկրների փորձագետները, որոնք պարտվողական «փոխզիջում» են առաջարկում, հայկական կողմին վախեցնում են պատերազմով: Այսինքն, հայերի կյանքի իրավունքի դեմ դրվում է Ադրբեջանի պատերազմի իրավունքը: Մենք էլ տրվում ենք այդ սադրանքին, «միայն թե պատերազմ չլինի»:

Մինչդեռ, ժամանակն է, որ Հայաստանն ու Արցախը սահմանազատեն պարտավորություններն ու լիազորությունները, եւ Հայաստանի հեղափոխությունը լավ առիթ է դրա համար: Նիկոլ Փաշինյանն ամենասկզբից հայտարարել է, որ լիազորված չէ խոսելու Արցախի անունից եւ բանակցելու է միայն Հայաստանի անունից: Այդուհանդերձ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպում են առանց արցախցի գործընկերոջ:

Այս երկիմաստությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս, եւ պատահական չէ, որ Ալիեւը որպես իր դիվանագիտական ձեռքբերում նշել է հենց այն, որ Հայաստանը չի կարողացել Արցախը ներգրավել բանակցություններին: Այս երկիմաստությունը հայկական քաղաքական տարածությունում մանիպուլյացիաների դաշտ է բացում: Օրինակ, պատգամավորի թեկնածուներից մեկը մեղադրում է իշխող կուսակցությանը Ղարաբաղը հանձնելու մտադրության մեջ, իսկ վարչապետը դա գնահատում է որպես պետական դավաճանության մեղադրանք:

Նիկոլ Փաշինյանը կարող է բաց չթողնել առիթը եւ հայտարարել, որ «Ղարաբաղի հանձնումը» ինքնին Հայաստանի վարչապետի լիազորությունների մեջ չէ, իսկ Դավիթ Շահնազարյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետը կարող է հանձնել Ղարաբաղը, անհարգալից վերաբերմունք է Արցախի, հայ ժողովրդի հանդեպ, որը որոշել է անկախ պետություն կառուցել եւ կերտել իր ճակատագիրը: Հայաստանն էլ վարչապետի գլխավորությամբ կարող է միայն օգնել Արցախին զարգանալ, պաշտպանվել եւ պաշտպանել իր իրավունքը:

Դա հասուն քաղաքական դիսկուրս կլիներ, եւ Գագիկ Ծառուկյանն ակամա դրեց դրա հիմքը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am