Հայաստանն ու թերեւս ամբողջ հայությունը նշում է 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Աղետի, դրա հետեւանքի, մարդկային ծանր կորստի, հոգեբանական ահռելի ծանրության, ԽՍՀՄ փլուզման լրջագույն քաղաքական եւ քաղաքակրթական, աշխարհակարգային վերափոխման շրջափուլում, Արցախի հարցին ձեռնամուխ եղած Հայաստանի զարգացման համար աղետի հետեւանքի առումով 30 տարիներին ասվել է թերեւս ամեն ինչ, չկա գործնականում ավելացնելու որեւէ նոր բան:

30 տարիների ընթացքում աղետի գոտում արվել է շատ բան: Նաեւ շատ անգամ հայտարարվել է, թե աղետի գոտին այլեւս զարգացման գոտի է, կամ այդօրինակ այլ հայտարարություններ:

Այն, որ 30 տարվա ընթացքում այդ գոտում փոխվել է շատ բան, աներկբա է: Բայց, թերեւս նույնքան աներկբա է, որ կարելի էր անել շատ ավելի: Դրանում համոզվելու համար պարզապես պետք է նայել զարգացումների դինամիկան՝ աղետի գոտու վերականգնման՝ այս հասկացության լայն իմաստով, եւ, օրինակ, Հայաստանում քառորդ դարից ավելի իշխած «էլիտայի» կենսամակարդակի, ֆինանսական, տնտեսական կարողությունների:

Զարգացման այդ ակնառու տեմպն ու ծավալը համեմատելով ակնհայտ է դառնում, որ աղետի գոտու համար, ինչպես իհարկե ամբողջ Հայաստանի, հնարավոր էր անցնող երեք տասնամյակում անել ավելին, անգամ զուգահեռ պատերազմի պայմաններում:

Թե ինչ էր պետք դրա համար, դարձյալ պարզ է: Պետք էր ընդամենը չլինել գողացող իշխանություն, չլինել գողացող էլիտա՝ հանրային ու պետական ռեսուրսները մսխող, ընդ որում անգամ բարոյահոգեբանական վերելքի համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպիսին Արցախի հաղթանակը, որը ավերիչ երկրաշարժից հետո մի իրադարձություն էր, որը ամբողջ հասարակությանը կարող էր տալ նոր կյանքի ահռելի լիցք, խաղաղության նվաճումների, սխրանքի:

Այդ ամենի փոխարեն, գործնականում ամբողջ Հայաստանը վերածվեց «աղետի գոտու»:

Առկա պատկերի, այդ «էլիտար» մտա-բարոյական թշառության համայնապատկերն օրինակ վառ արտահայտված է այն շքեղությունների տեսքով, որ իրենց անձնական կյանքի համար կառուցել են քառորդ դար զանազան դիրքերով իշխած «էլիտայի» տարբեր ներկայացուցիչները:

Խոշոր հաշվով, Հայաստանի «աղետի գոտին» այդ շքեղություններն են, որոնց տերերը պետության ու հանրության ապագայի հաշվին կառուցել են իրենց անձնական բարեկեցությունը, տուրք տալով ոչ թե մարդկային բարոյահոգեբանական լիցքերին, այլ կենդանական բնազդներին:

Այդ անձնական բարեկեցությունն էր կառուցվում անգամ այն ժամանակ, երբ Գյումրիի վերականգնմանն իր անձնական միջոցներից հարյուրավոր միլիոն դոլար էր հատկացնում ամերիկահայ մեծահարուստ Քըրքորյանը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցով:

Ներկայում Հայաստանը, ու այդ թվում աղետի գոտու բնակավայրերը կանգնած են նոր հնարավորության առաջ, նոր եւ իրական, առանց չակերտների էլիտա, էլիտաներ ձեւավորելու եւ կյանքն առաջ տանելու հնարավորության առաջ:

Սա որքան ոգեւորիչ եւ պատմական հնարավորություն է, նույնքան էլ բարդ ու պատասխանատու: Ընդ որում, հատկանշական է մի բան, որ մենք դարձյալ աշխարհակարգային լուրջ վերափոխումների մի շրջափուլում ենք, մի կողմից գործնականում քառորդ դար ժամանակ կորցրած, մյուս կողմից՝ կորստաբեր ընթացքը այդուամենայնիվ կանգնեցրած եվ ժամանակը վերստին միացրած:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am